ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել վեց իրավաբանական եւ երկու ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, աջակցում են Իրանին անօդաչու թռչող սարքերի եւ զենքի արտադրության ոլորտում: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումները կտարածվեն «Իրանի, ԱՄԷ-ի եւ Չինաստանի վեց կազմակերպությունների եւ երկու ֆիզիկական անձանց ցանցի դեմ, որոնք պատասխանատու են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ ձեռք բերելու համար»՝ հաշվի առնելով Qods Aviation Industries-ի շահերը: ԱՄՆ-ի տեսակետից այդ ընկերությունը զբաղվում է Իրանում անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ:
Պատժամիջոցներ են սահմանվում ԱՄԷ-ում գործող Infracom Communication Networks FZE, Diamond Castle Electronics Trading, Phenomena International General Trading եւ Future Trends Goods Wholesalers LLC ընկերությունների, չինական Zibo Shenbo Machinelectronics եւ իրանական Rah Roshd International Trade Exchanges Development ընկերությունների, ինչպես նաեւ վերջինիս երկու աշխատակիցների նկատմամբ:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների համար այդ ցուցակի անձանց հետ բիզնես վարելու արգելք, ինչպես նաեւ նրանց համար երկիր մուտք գործելու արգելք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր ստորագրեց Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին: Փաստաթուղթը մասնավորապես ուղղված է Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենք ձեռք բերելու կանխմանը: Ի թիվս այլ գործողությունների այն նախատեսում է իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված ջանքերի ակտիվացում: