Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հոբելյանի (մարտի 5-ին լրացավ նրա 60-ամյակը) առթիվ ոչ միայն պաշտոնական, այլեւ մարդկային շնորհավորանքի հրապարակային ուղերձներ չեղան: «Ուխտյալ լռություն» պահպանեց նաեւ մամուլը:
Բաբայանի 60-ամյա հոբելյանին լռեցին նաեւ նրա երբեմնի «ֆանատները», որ այսօր «անկախ» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր են, քաղաքական գործիչ, Ազգային ժողովի պատգամավոր, վերլուծաբան եւ փորձագետ: Նրանցից ոմանք, ընդհակառակը, երբեմն-երբեմն անդրադառնում են հարցին, թե Սամվել Բաբայանն ինչպես է 2023 թվականի սեպտեմբերի 26-ին հատել Հակարիի կամուրջը, իսկ «մյուսներին Ադրբեջանը ձերբակալել է»:
Այս մտորումների առիթը համացանցում տարածված՝ Մուրադ Պետրոսյանի «Իր հայրենիքում մարգարե չի լինում» գրքից մի հատված է, որտեղ նա ներկայացնում է Արկադի Ղուկասյանի հետ իր հանդիպումը, երբ «հարաբերությունները կարգավորված էին»: Ըստ այդմ, Արկադի Ղուկասյանը պատմել է, որ 1999 թվականի ամռանը Երեւանում Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Սամվել Բաբայանին ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացնելու հարցը, իսկ երբ Վազգեն Սարգսյանը զգուշացրել է, որ «հետեւանքները կարող են վատ լինել», ասել է, որ «ամեն ինչի պատրաստ է»:
Հուշագրությունը խիստ սուբյեկտիվ ժանր է, մանավանդ երբ որեւէ վկայակwչում երկրորդ-երրորդ աղբյուրով «ստուգելու» հնարավորություն չկա, իսկ փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականից եւ Հայաստանի վարչապետ նշանակվելուց հետո ԼՂՀ նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են միայն սեպտեմբերին, եւ Արկադի Ղուկասյանն այդ պաշտոնում ընտրվել է Սամվել Բաբայանի առաջադրմամբ եւ լիակատար աջակցությամբ:
Եվ դա այն դեպքում, երբ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը նախագահի պաշտոնակատար էր: Բարդ է ասել, թե Արկադի Ղուկասյանի մասին այդ որոշումը Սամվել Բաբայանն ինչ մոտիվացիայով է կայացրել, ինչպես է համաձայնեցրել Երեւանի հետ: Ստույգ է, որ Արկադի Ղուկասյանի մրցակիցը Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն էր, որը ընտրություններից հետո հրաժարական տվեց: Դա հնարավորություն տվեց, որ Օլեգ Եսայանը, որ 1992 թվականին հրաժարվել էր կառավարության ղեկավարի պաշտոնից՝ ճանապարհ հարթելով, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորի Պաշտպանության պետական կոմիտեն, վերադառնա քաղաքականություն եւ զբաղեցնի խորհրդարանի խոսնակի պաշտոնը:
Շատ կարեւոր է, որ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման առաջին տարում Լեոնարդ Պետրոսյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից, նրան փոխարինեց Ժիրայր Պողոսյանը: Կառավարությունը որդեգրեց Հայաստանից առաջանցիկ սոցիալական քաղաքականության ուղեգիծ: Նույն տարում անցկացվեցին ՏԻՄ, այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին ընտրությունները, սկսվեց մասնավորեցման գործընթաց:
Չափազանց կարեւոր էր կրթական համակարգի բարեփոխումը. դպրոցներն անցան ինքնակառավարման: Քաղաքականությունից Սամվել Բաբայանի հեռացման պատճառն անձնակա՞ն էր, թե՞ պայմանավորված էր Արցախում իրականացվող արմատական բարեփոխումների նկատմամբ Երեւանի զգուշավորությամբ:
Բաբայանին կհաջողվե՞ր «առանձին վերցրած Արցախում» ազգային-ժողովրդավարական պետություն ստեղծել: Այս հարցի նկատմամբ պատասխանատվության առումով նա ոչ միայն պատմության, այլեւ օրվա իրականության առջեւ անպարտ է: Բայց առավել կարեւոր է գնահատել 2023 թվականը, երբ Ստեփանակերտում «կոնսենսուս-մինուս Սամվել Բաբայան» քաղաքական իրավիճակ էր: Արդյո՞ք անձնական հակասություններն այնքան անհաղթահարելի էին, որ աղետի բացահայտ սպառնալիքն անգամ չհարկադրեց, որ իշխանությունը փոխանցվի նրան: Արդյո՞ք Արցախի սահմանադրությունն այնքան «սուրբ» էր, որ 2019-ին չէր կարելի հնարավորություն տալ, որ Բաբայանը մասնակցի նախագահական ընտրություններին:
Եվ ինչո՞ւ Արցախի քաղաքական ուժերն ու «ընդհատակյա մարզկոմն» ամեն ինչ արեցին, որ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան գործնական դաշինք չկայանա: Այդուհանդերձ, ճակատագիրն այնպես է տնօրինել, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր արցախյան պատմության միակ խորհրդանիշն է: Նրա չնշված հոբելյանն այս իմաստով միայն անձնական դառնություն չէ: Կկարողանա՞նք ոչ հեռավոր անցյալն իմաստավորել նաեւ մարդկային ճակատագրի հանդեպ անկողմնակալ հայացքով:

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։