Արեւմտյան ռազմական առաջնորդները կքննարկեն Ուկրաինա զորքեր տեղակայելու հնարավորությունը, որոնք կվերահսկեն Ռուսաստանի հետ հավանական հրադադարը եւ կդառնան երկրի նոր անվտանգության կառուցվածքի մաս։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Սա մեր մեկնարկային կետն է։ Ուկրաինական բանակը պետք է բավականաչափ ուժեղ լինի, եւ այս հիմքի վրա է կառուցվում անվտանգության ամբողջ ճարտարապետությունը։ Հանդիպում տեղի կունենա ընդամենը մի քանի օրից՝ ուրբաթ (ապրիլի 4-ին), մեր գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ. սրանք կլինեն ռազմական ներկայացուցիչներ»,- ասել է Զելենսկին:
Ապրիլի 1-ին Ուկրաինայի նախագահը Կիեւում հանդիպել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարի՝ Աննալենա Բերբոքի հետ, որը նշել էր, որ «երկրների նեղ շրջանակ» պատրաստ է զորքեր ուղարկելու:
Ուկրաինայի առաջնորդը Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ սպասում է դաշնակիցներից «ավելի կոնկրետ» պատասխանների՝ կապված նրանց մասնակցության պատրաստակամության հետ:
Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին որպես, այսպես կոչված, «պատրաստակամների կոալիցիայի» մաս, որի նպատակը հնարավոր հրադադարի ռեժիմը վերահսկելն է: Սակայն Ռուսաստանը կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ցանկացած տեղակայմանը:
Իր տեսաուղերձում Զելենսկին նաեւ նշել է, որ Ուկրաինան կիսվել է «Ռուսաստանի կողմից երկրի էներգետիկ ոլորտում խախտումների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով» իր ամերիկյան գործընկերների հետ:
«Մենք պնդում ենք, որ յուրաքանչյուր նման խախտում պետք է փաստագրվի եւ արձագանք ստանա մեր գործընկերներից։ Հենց այս փոքր մանրամասներն են, որ միասին հանգեցնում են Ռուսաստանի կողմից դիվանագիտական գործընթացի մեծ հետաձգումների»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները 30 օրով դադարեցնելու վերաբերյալ առաջարկները Ալ-Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ ներկայացրել էր ԱՄՆ-ը։ Մոսկվան ու Կիեւը ընդունել են առաջարկը, սակայն ՌԴ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ուկրաինական կողմին մեղադրում է այդ պայմանավորվածությունը խախտելու համար:
Մոսկվայի վարկածով՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը գործում է մարտի 18-ից: Կիեւն էլ պնդում է, որ պայմանավորվածությունը գործում է մարտի 25-ից, այսինքն՝ պայմանավորվածություն ձեռք բերելու օրվանից: