ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ երկրորդ ավիակիր խումբը կտեղակայվի Մերձավոր Արեւելքում՝ տարածաշրջանային սպառնալիքներին արձագանքելու եւ կայունություն պահպանելու համար։ Այս համալրումը կատարվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Եմենի հյուսիսային շրջանները վերահսկող «Անսար Ալլահ» շարժման (հայտնի որպես հութիներ) ենթակառուցվածքների գրեթե ամենօրյա ռմբակոծությունների ֆոնին։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը ապրիլի 1-ին հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ «Կառլ Վինսոն» ավիակիրը կմիանա Մերձավոր Արեւելքում գտնվող «Հարի Ս. Թրումեն» ավիակրին՝ «շարունակելու խթանել տարածաշրջանային կայունությունը, զսպել ագրեսիան եւ պաշտպանել առեւտրի ազատ հոսքը տարածաշրջանում»:
Ընդգծենք, որ 2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարեց Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում Իսրայելի հետ կապված առեւտրական նավերը թիրախավորելու մասին՝ դա ներկայացնելով պաղեստինցիների աջակցությանն ուղղված գործողություն։ Բացի այդ՝ հութիները պարբերաբար հրթիռակոծում են նաեւ Իսրայելի տարածքը։ Արեւմտյան երկրներն ու Իսրայելը գտնում են, որ հութիներին ռազմական աջակցություն ցուցաբերում է Իրանը, սակայն Թեհրանը բազմիցս է հերքել նման հայտարարությունները եւ պնդել, որ այն դիմադրության շարժում է։
Տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման եւ դաշնակից Իսրայելի պաշտպանության համար հութիների ռազմական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ սկսել էր հասցնել դեռեւս 2024 թվականի վերջերից։
Պենտագոնի խոսնակ Փարնելը հրապարակված հայտարարության մեջ նաեւ նշել է, որ «Կառլ Վինսոն»-ին հանձնարարվել է Մերձավոր Արեւելք տեղափոխվել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից այնտեղ նախատեսված վարժանքն ավարտելուց հետո։
«Միացյալ Նահանգները եւ նրա գործընկերները հավատարիմ են մնում Կենտրոնական հրամանատարության (CENTCOM-ի) պատասխանատվության գոտում (AOR) տարածաշրջանային անվտանգության ապահովմանը եւ պատրաստ են արձագանքելու ցանկացած պետական կամ ոչ պետական դերակատարի, որը ձգտում է ընդլայնելու կամ սրելու հակամարտությունը տարածաշրջանում»,- ասել է Փարնելը:
Փարնելը հավելել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շարունակում է հստակեցնել, որ «եթե Իրանը կամ նրան ենթակա ուժերը սպառնան տարածաշրջանում ամերիկյան անձնակազմին եւ շահերին, Միացյալ Նահանգները վճռական գործողություններ կձեռնարկի մեր ժողովրդին պաշտպանելու համար»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ին խոստացավ, որ հութիների դեմ հարվածները կշարունակվեն, մինչեւ նրանք այլեւս սպառնալիք չլինեն նավագնացության համար:
«Հութիների համար ընտրությունը պարզ է. դադարեցրե՛ք կրակել ԱՄՆ նավերի վրա, եւ մենք կդադարեցնենք կրակել ձեզ վրա: Հակառակ դեպքում մենք դեռ նոր ենք սկսել, եւ իսկական ցավը դեռ առջեւում է՝ ինչպես հութիների, այնպես էլ նրանց հովանավորի՝ Իրանի համար»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր հարթակում:
Թրամփը հավելել է, որ հութիներն արդեն «ոչնչացվել են» մարտի 15-ից սկսված «անողոք» օդային հարվածներից՝ նշելով, որ ԱՄՆ զինված ուժերը նրանց ռմբակոծություններն իրականացնում են «ամեն օր եւ ամեն գիշեր՝ ավելի ու ավելի ուժգին»:
Թրամփը ավելի վաղ նաեւ հայտարարել էր, որ «ռմբակոծություններ կլինեն», եթե Իրանը համաձայնության չգա իր միջուկային ծրագրերի վերաբերյալ:
Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ հարձակումների հետեւանքով զոհվել է առնվազն 12 խաղաղ բնակիչ, եւս 9-ը վիրավորվել է: