Հանրապետության երկրորդ քաղաքն ընտրություն արեց, բայց կրկին քաղաքն անղեկավար է:
Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ ընտրություն: Մինչ այդ քարոզարշավը, ինչպես կանխատեսել էին շատերը, թեժ ու անզիջում էր: Ընտրապայքարի դուրս եկած քաղաքական 9 ուժերը չէին էլ սպասել քարոզարշավի պաշտոնական մեկնարկին. քաղաքը ողողված էր թեկնածուների ժպտացող դեմքերով եւ երանելի կյանք խոստացող կարգախոսներ պարունակող ցուցապաստառներով:
Քարոզարշավն աչքի ընկավ ագրեսիվ, իրար հնարավորինս շատ ու կոպիտ վիրավորելու, փոխադարձ մեղադրանքների, աջ ու ձախերի, թուրք ու հայերի բաժանող մեղադրանքներով: Մի խոսքով՝ «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվանբաշուն». քարոզարշավին խառնվեցին նաեւ իրավապահ մարմինները: Տարբեր տեսակի հետապնդումների, բերման ենթարկվածների պակաս չեղավ: Ճնշումների ենթարկվողները, ինչպես եւ կանխատեսելի էր, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն էին:
Ընտրությունները վերջապես կայացան: Ավագանու կազմ անցնել հաջողվեց 5 քաղաքական ուժի: Ձայների ընդհանուր բաշխվածությունը հետեւյալն է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Սարիկ Մինասյանն է, ստացել է 36.24 տոկոս գյումրեցիների քվեն՝ 14 մանդատ: Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը ստացել է 20.51 տոկոսը՝ 8 մանդատով, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին ընտրել են գյումրեցիների 6.12 տոկոսը՝ 2 մանդատով, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին՝ 15.56 տոկոսը՝ 6 մանդատով, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ ստացել է 7.87 տոկոս քվե՝ 3 մանդատով:
«Ապրելու երկիր», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք եւ «Դեմոկրատական այլընտրանք» քաղաքական ուժերին չի հաջողվել սահմանված շեմը հաղթահարել:
Քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվի միանձնյա վերցնել Գյումրու ղեկը: Երկու ելք կա՝ կա՛մ, ուժերը մեկտեղելով, դաշինք կկազմեն եւ քաղաքապետի կընտրեն, կա՛մ Գյումրին նոր ընտրությունների կգնա:
Քանի որ ի սկզբանե բոլոր ուժերը հայտարարել էին, թե չեն միավորվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, պարզ նշմարելի էր, որ Գյումրու հաջորդ ղեկավարը ընդդիմությունից էր լինելու: Ընտրությունների հաջորդ իսկ օրը երկու քաղաքական ուժերը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը եւ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, հայտարարեցին, որ առանց նախապայմանի իրենց քվեները կտան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Մինչ քաղաքը շունչը պահած սպասում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի որոշմանը, արդեն երրորդ օրն է, ինչ դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը լռում է: Միայն մեկ անգամ է խախտել լռությունը՝ հայտարարելով, թե քաղաքը ընդդիմադիր քաղաքապետ է ունենալու: Թե ինչ է ենթադրում այս հայտարարությունը, ով է ընդդիմադիր քաղաքապետը, դեռ հայտնի չէ:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։