Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ապրիլի 1-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Տաճարում Գերմանիայի նախագահին դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ ներկայացրել Առաքելական Եկեղեցու եւ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում, ինչպես նաեւ նրա կարեւոր ազգապահպան առաքելությունը։
«Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաեւ Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմեց պրն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաեւ հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն՝ առկա հարցերի հետեւողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։
Գերմանիայի նախագահ Շտայնմայերն էլ հավաստիացրել է, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։
Հիշեցնենք՝ Շտայնմայերը Հայաստան էր ժամանել մարտի 30-ին։ Նա հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահ Վահագան Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այսօր՝ ապրիլի 2-ին, Գերմանիայի նախագահը ուղեւորվում է Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիեւի հետ։