Իսրայելը հայտարարել է Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու եւ հատվածի զգալի տարածքներ անվտանգության գոտիների վերածելու մասին:
Reuters-ի հաղորդմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պաղեստինյան բնակչությունը կտարհանվի մարտական գործողությունների շրջաններից: Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացումներ է ուղարկել Գազայի Ռաֆահ եւ Խան-Յունիս քաղաքների շրջակայքի բնակչությանը՝ կոչ անելով տեղափոխվել Միջերկրական ծովի ափին գտնվող Ալ-Մավասի հումանիտար գոտի: Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե Գազայի կոնկրետ որ տարածքներն են նախատեսվում վերածել անվտանգության գոտիների:
Իսրայելական բանակը Գազայի հատվածում ստեղծել է բուֆերային գոտի՝ ընդլայնելով, այսպես կոչված, Նեցարիմ միջանցքի սահմանները, որը Գազան բաժանում է հյուսիսային եւ հարավային մասերի:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ից կրկին պահանջել էր վայր դնել զենքը՝ նշելով, որ Գազայում դեռեւս պահվող 59 պատանդների ազատ արձակմանը հասնելու լավագույն միջոցը ռազմական ճնշումն է:
Իսրայել Կացը իր հայտարարության մեջ Գազայի բնակիչներին կոչ էր արել ընդվզել ՀԱՄԱՍ-ի դեմ եւ վերադարձնել իսրայելցի պատանդներին՝ դա անվանելով պատերազմն ավարտելու միակ ճանապարհը: Իսրայելում նաեւ ուշադրություն են դարձրել ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայում բռնկված վերջին բողոքի ցույցերին:
Reuters-ի հաղորդմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնումը, հավանաբար, հաշվարկված է այնպես, որ Գազայի քաղաքացիական բնակչությունը մեծացնի ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա:
Պատանդների ընտանիքների ֆորումը, որը ներկայացնում է առեւանգված իսրայելցիների հարազատների շահերը, զայրույթ է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարության կապակցությամբ: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը պարտավոր է ազատել բոլոր պատանդներին «եւ օգտագործել բոլոր հնարավոր ուղիները նրանց ազատ արձակման մասին համաձայնության հասնելու համար»:
Իսրայելի ղեկավարությունը նաեւ հայտարարել է Գազայից պաղեստինցիների կամավոր հեռանալուն նպաստելու մտադրության մասին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր առաջարկել Գազայից ամբողջությամբ վտարել պաղեստինցիներին, իսկ հատվածն ինքնին վերածել ծովափնյա հանգստավայրի՝ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո: Այս առաջարկը մերժել են արաբական երկրները՝ ներառյալ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դաշնակիցները։
Իսրայելը մարտին վերսկսեց Գազայի օդային ռմբակոծությունները եւ կրկին ցամաքային զորքեր տեղակայեց շուրջ երկու ամսվա հարաբերական հանդարտությունից հետո, որը հաջորդել էր հունվարին ԱՄՆ-ի՝ Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ ձեռք բերված հադադարի համաձայնագրին: Համաձայնագիրը հնարավորություն էր տվել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների մի մասին փոխանակել Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցի կալանավորների հետ: