ԱՄՆ 100 սենատորներից 50-ը (25 հանրապետական եւ 25 դեմոկրատ) աջակցել են երկկուսակցական նոր օրինագծին, որով նախատեսվում է առաջնային եւ երկրորդային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս հրաժարվի Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցություններից կամ խախտի ձեռք բերված համաձայնագիրը։ Այդ մասին գրում են Reuters-ը եւ Bloomberg-ը:
Ըստ Bloomberg-ի՝ նախագիծը նախատեսում է 500% մաքսատուրքերի սահմանում այն երկրների ապրանքների համար, որոնք Ռուսաստանից նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան կգնեն:
Բացի այդ՝ սահմանափակումների փաթեթը կներառի նաեւ ԱՄՆ ֆինանսական հաստատությունների կողմից ռուսական կառավարության հետ կապված կազմակերպություններում ներդրումներ կատարելու արգելք, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի ձեռք բերել ռուսական պետական պարտատոմսեր, գրում է Bloomberg-ը:
Պարբերականը նշում է, որ եթե ընդունվեն նման պատժամիջոցներ, ամենայն հավանականությամբ դրանք կհանգեցնեն «լուրջ առճակատման» Հնդկաստանի եւ Չինաստանի հետ (որոնք ռուսական նավթի ամենախոշոր սպառողներն են) եւ դժվար դրության մեջ կդնեն Եվրոպային, որը դեռ կախված է ռուսական բնական գազից:
Օրինագծի հիմնական հեղինակներն են հանրապետական Լինդսի Գրեհեմը եւ դեմոկրատ Ռիչարդ Բլյումենթալը: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահանջում են մաքսատուրքերի սահմանում այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքներ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ Սենատում «գերակշռում է այն կարծիքը, որ Ռուսաստանը ագրեսոր է, եւ որ այս սարսափելի պատերազմը եւ Պուտինի ագրեսիան պետք է դադարեցվեն հիմա եւ զսպվեն ապագայում»:
Սենատորները հայտարարել են, որ 50 սենատորներ արդեն ստորագրել են օրինագիծը, իսկ հարակից օրենսդրական փաթեթը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ՝ չորս սենատորներից բաղկացած երկկուսակցական խմբի կողմից:
Օրինագծի կողմնակիցները նշում են, որ այն կընդունվի ձայների ճնշող մեծամասնությամբ երկու պալատներում, եթե Կոնգրեսում հանրապետականները թույլ տան քվեարկություն նախաձեռնել: Առայժմ տեղեկություն չկա, թե երբ կարող է այն տեղի ունենալ:
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ «զայրացած է» Ուկրաինայի համար արտաքին կառավարում սահմանելու անհրաժեշտության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից: ԱՄՆ նախագահը սպառնացել էր նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր սահմանել, եթե Մոսկվան մոտ ժամանակահատվածում չհամաձայնի հաշտություն կնքել:
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան լուրջ է վերաբերվում Վաշինգտոնի առաջարկներին Ուկրաինայի վերաբերյալ, սակայն չի կարող ընդունել դրանք «ինչպես կան»: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ ամերիկյան դիրքորոշումը չի ենթադրում ռուս-ուկրաինական հակամարտության առաջնային պատճառների վերացում եւ Կիեւին կոչ չի անում «դադարեցնել պատերազմը»: