ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ միջնորդավորված բանակցություններ վարելու Թեհրանի առաջարկը, միեւնույն ժամանակ ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը: Axios պորտալին այդ մասին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:
«Նամակների փոխանակումից հետո մենք ուսումնասիրում ենք հաջորդ քայլերը՝ կապված երկխոսություն սկսելու եւ իրանական կողմի հետ վստահությունն ամրապնդելու հետ»,- ասել է աղբյուրներից մեկը։
Ըստ պորտալի տեղեկությունների՝ Սպիտակ տանը շարունակվում են քննարկումները Իրանի հետ բանակցություններին կողմնակից պաշտոնյաների եւ միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու տեսակետները պաշտպանող գործիչների միջեւ։
Ինչպես նշում է Axios-ը, միեւնույն ժամանակ Պենտագոնը ուժերի լայնածավալ կուտակում է իրականացնում Մերձավոր Արեւելքում: Լրատվականի փոխանցմամբ, եթե Թրամփը որոշի, որ սպառվել է բանակցությունների ժամկետը, եւ Թեհրանը հրաժարվում է զիջումներից, ապա կարող է իրականացնել «լայնածավալ ռմբակոծությունների» դիմելու սպառնալիքը՝ թիրախավորելով Իրանի միջուկային ենթակառուցվածքները:
Ըստ Axios-ի զրուցակիցների՝ Թրամփի վարչակազմը կարծում է, որ առանց միջնորդների բանակցություններն ավելի մեծ հաջողության հնարավորություն կունենային, սակայն չի բացառում նաեւ Իրանի առաջարկած ձեւաչափը եւ չի առարկում Օմանի՝ որպես միջնորդ երկրի դերին, ինչպես եղել է անցյալում:
Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Թեհրանը հրաժարվել էր ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն չի բացառել միջնորդների միջոցով բանակցությունների շարունակումը:
Մարտի 30-ին Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթվա ընթացքում լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան: Նա նաեւ սպառնացել է աննախադեպ ռմբակոծություններով, եթե Իսլամական Հանրապետությանը ամբողջությամբ հրաժարվի գործարքից: Ի պատասխան՝ Խամենեին նշել էր, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է. Վաշինգտոնի կողմից Իրանում անկարգություններ հրահրելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական հակահարվածի:
Հոկտեմբերի 18-ին արեւմտյան երկրները կկարողանան ակտիվացնել snapback մեխանիզմը, որը թույլ կտա ինքնաբերաբար վերականգնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Իրանը հայտարարել է, որ այդ դեպքում դուրս գա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, թեեւ երկրում միջուկային զենքի մշակումը պաշտոնապես արգելված է Խամենեիի 2003 թվականի հրամանով:
Հիշեցնենք, որ Թեհրանի միջուկային ծրագրերին վերաբերող փաստաթուղթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները եւ Գերմանիան ստորագրել էին 2015 թվականին։
Փաստաթուղթը, որը կոչվում էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, նպատակ ուներ լուծելու այդ շրջանում Իրանի միջուկային զարգացումների շուրջը ստեղծված ճգնաժամը։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց գործարքից դուրս գալու մասին՝ նման որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը Իսլամական Հանրապետությանը թույլ կտա զարգացնել իր ռազմական ներուժը եւ ստեղծել միջուկային զենք։
Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանը 2020 թվականին ընդունեց «Ռազմավարական գործողությունների մասին» օրենքը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանը եւ «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելուն», որի շրջանակում չեղարկեց միջուկային համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ՝ այդ թվում դադարեցնելով ԱԷՄԳ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված տեսչական ստուգումները։ Ըստ Իրանի իշխանությունների՝ Արեւմուտքը պետք է վերադառնա ԳՀՀԾ-ի պայմանների լիարժեք պահպանմանը, որպեսզի վերականգնի Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վերահսկողության գոյություն ունեցող համակարգերը: