Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հայտարարությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- ասվում է հայտարարության տեքստում։
Երեկ եւս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նման հաղորդագրություններ էր տարածել, որոնք հայկական կողմը կրկին հերքել էր։