Եթե ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ձախողվեն, ռազմական բախման սպառնալիքը «գործնականում անխուսափելի» կլինի, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նրա խոսքերով՝ դա կհանգեցնի տարածաշրջանում լուրջ ապակայունացման:
«Մեր առաջնային խնդիրն է հասնել համաձայնության, որը երկարաժամկետ եւ ստուգելի սահմանափակումներ կդնի Իրանի միջուկային ծրագրի վրա»,- ասել է արտգործնախարարը խորհրդարանական արտաքին գործերի հանձնաժողովի նիստում (հեռարձակումը տեղի է ունեցել Ազգային ժողովի YouTube-ի ալիքով):
Բարոյի խոսքերով՝ համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհանը նեղ է, քանի որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) գործողության ժամկետի ավարտին մնացել է ընդամենը մի քանի ամիս: Նախարարն ընդգծել է, որ Ֆրանսիան դեմ է Իրանում միջուկային զենքի հայտնվելուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկու ամիս ժամկետ էր տվել նոր միջուկային գործարք կնքելու համար: Իսլամական Հանրապետությունը պատասխան նամակում մերժել էր ուղղակի բանակցությունները: Ամերիկայի նախագահը սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով» համագործակցությունից հրաժարվելու համար: Իրանը խոստացել է համապատասխան պատասխան տալ:
ՀԳՀԾ-ն կնքվել է 2015 թվականին Իրանի եւ վեց միջնորդ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) միջեւ եւ նախատեսում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների հանում՝ ի պատասխան նրա միջուկային ծրագրի սահմանափակման: