ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր ելույթում հայտարարեց, որ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա: Ելույթը հեռարձակվում էր Associated Press գործակալության կողմից:
Թրամփը հայտարարեց, որ «տասնամյակներ շարունակ» Միացյալ Նահանգները վերացրել է առեւտրային խոչընդոտները այլ երկրների նկատմամբ, մինչդեռ այդ երկրները «հսկայական սակագներ են սահմանել» ամերիկյան արտադրանքի համար:
Ելույթի ընթացքում նա ցուցադրել է տարբեր երկրների համար սահմանվող մաքսատուրքերի չափը ներկայացնող աղյուսակներ: Դրանց համաձայն՝ Վաշինգտոնը 20% մաքսատուրքեր է սահմանում Եվրամիությունից ներմուծվող ապրանքների համար, Չինաստանի համար մաքսատուրքերի չափը կլինի 34%, Մեծ Բրիտանիայի համար՝ 10%:
Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Կամբոջայի (49%), Վիետնամի (46%) և Շրի Լանկայի (44%) համար:
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար եւս սահմանվել է 10% մաքսատուրք։ Թրամփի հրապարակած ցուցակում բացակայում է Ռուսաստանը։
Ինչպես նշում է The Bell-ը, դա պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի արտաքին առևտրում «այնքան աննշան բաժին է զբաղեցնում, որ Թրամփի խորհրդականները այն նույնիսկ չեն ներառել մաքսատուրքերի աղյուսակում ընդգրկված առեւտրային գործընկերների լավագույն 25-յակում»:
2024 թվականին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը եղել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 1992 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
«Առեւտրի կառուցվածքը հիմնականում ներառում է պատժամիջոցների տակ չընկնող ապրանքներ՝ ռուսական պարարտանյութեր, միջուկային վառելիք եւ պլատինե խմբի մետաղներ: Ամերիկյան արտահանումը դեպի Ռուսաստան գրեթե դադարել է՝ 2024 թվականին կազմելով ընդամենը 526 միլիոն դոլար»,- գրում է The Bell-ը:
Բացատրելով մաքսատուրքերի հենց այդպիսի չափը՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիմք է ընդունել Վաշինգտոնի առեւտրային գործընկերների կողմից «անարդարացիորեն գանձվող» սակագների կեսը: Մասնավորապես, Չինաստանը, ըստ ԱՄՆ նախագահի, ԱՄՆ-ից «անարդար մաքսատուրքեր» է գանձում 67% չափով, ուստի Վաշինգտոնը սահմանում է 34% մաքսատուրքեր:
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ ապրիլի 3-ից ուժի մեջ կմտնեն 25-տոկոսանոց մաքսատուրքեր ավտոմեքենաների ներմուծման համար: Այդ սակագների մասին նա հայտարարել էր մարտի վերջին: