Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Հունգարիա՝ անտեսելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված ձերբակալման միջազգային որոշումը, հայտնում է AFP-ն: Միեւնույն ժամանակ Բուդապեշտը հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։
Բուդապեշտի օդանավակայանում Նեթանյահուին դիմավորել են զինվորական պատվոպահակային զորախմբով: Իսրայելի առաջնորդին դիմավորել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկին: «Բարի գալուստ Բուդապեշտ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահու»,- Ֆեյսբուքում գրել է նախարարը Նեթանյահուի հետ հանդիպումից հետո: Այցի ընթացքում Նեթանյահուն կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Ակնկալվում է, որ նրանց համատեղ մամուլի ասուլիսը տեղի կունենա տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին: Նեթանյահուի այցը Հունգարիա կտեւի մինչեւ ապրիլի 6-ը:
Վիկտոր Օրբանը Բենիամին Նեթանյահուին Հունգարիա է հրավիրել 2024 թվականի նոյեմբերին՝ ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի ձերբակալման որոշումը հրապարակելու հաջորդ օրը, որը կապված էր Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ: Օրբանը խոստացել է, որ չի կատարի Նեթանյահուի ձերբակալման որոշումը, չնայած նրան, որ Հունգարիան ՄՔԴ-ի անդամ է: Հունգարիայի առաջնորդի կարծիքով՝ դատարանը «քաղաքական նպատակներով միջամտում է ընթացիկ հակամարտությանը»:
Սա Նեթանյահուի առաջին այցն է Եվրոպա 2023 թվականից ի վեր:
Միջազգային քրեական դատարանը Բենիամին Նեթանյահուի եւ Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման մասին որոշումը հրապարակել էր 2024 թվականի նոյեմբերի 21-ին: Դատարանը նրանց մեղադրել է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024 թվականի մայիսի 20-ը կատարված ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար:
Լեհաստանում հայտարարել են, որ չեն ձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր: Գերմանիայում նույնպես հայտնել են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Իսրայելի վարչապետը կարողանա այցելել այդ երկիր:
Հունգարիան Հռոմի ստատուտը ստորագրել է 1999 թվականին եւ երկու տարի անց վավերացրել է այն, նշում է AFP-ն: Այժմ Հունգարիան մտադիր է դուրս գալու Միջազգային քրեական դատարանի կազմից, հայտարարել են Վիկտոր Օրբանի գրասենյակից:
«Կառավարությունը որոշել է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից։ Սահմանադրական եւ միջազգային իրավական դաշտին համապատասխան համաձայնագրի խզման ընթացակարգը կառավարությունը կսկսի ապրիլի 3-ին»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը։