Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորեքշաբթի օդային հարվածներ են հասցրել Սիրիայի Համա եւ Հոմս նահանգների ռազմական օդանավակայաններին: Ինչպես հայտնել է Sham TV հեռուստաալիքը, կործանիչները ավելի քան 20 հարված են հասցրել, որոնց մեծ մասը բաժին է ընկել Համա քաղաքի մերձակայքում գտնվող նախկին ավիաբազային, որը Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա է:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդային հարձակումը տեւել է ավելի քան մեկ ժամ, ինչի հետեւանքով շարքից դուրս են բերվել անգարներում տեղակայված ռազմական ինքնաթիռները: Ոչնչացվել են ռազմական տրանսպորտային այլ միջոցներ, զենքի եւ զինամթերքի պահեստներ: Հարվածներ են հասցվել նաեւ Համա-Մասյաֆ մայրուղու վրա գտնվող ռազմական դիրքերին: Իշխանությունների տվյալներով՝ տուժածներ կան խաղաղ բնակիչների շրջանում, նրանց թիվը ճշտվում է:
Ավելի վաղ օդային հարձակման էր ենթարկվել նաեւ Պալմիրայի մոտակայքում գտնվող T4 օդանավակայանը (Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա): Դրա հետեւանքների մասին տվյալներ չեն ներկայացվում:
Մայրաքաղաք Դամասկոսում օդային հարվածի է ենթարկվել Մասակին-Բերզի շրջանում գտնվող ռազմական օբյեկտը, որը պատկանում էր նախկին սիրիական բանակին: Օդային հարձակումից հետո տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որը լսվել է մայրաքաղաքում եւ նրա շրջակայքում:
The Jerusalem Post թերթը, հղում անելով աղբյուրին, գրել է, որ Սիրիայի տարածքի վերջին ռմբակոծությունները Անկարային ուղղված ազդանշան են արաբական հանրապետությունում թուրքական ռազմական բազաների ստեղծման անթույլատրելիության մասին:
Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Թուրքիան մտադիր է վերահսկողություն հաստատելու Սիրիայում՝ Պալմիրայի մոտակայքում գտնվող T4 օդանավակայանի նկատմամբ, ինչը, Իսրայելի տեսանկյունից, կարող է վնաս հասցնել նրա ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությանը:
«Իսրայելի հիմնական մտահոգությունն այն է, որ փոքր օդանավակայանը Թուրքիան կարող է օգտագործել անօդաչու թռչող սարքեր տեղակայելու եւ, որ ավելի վատ է, հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար»,- նշում է Kan-ը՝ առանց աղբյուրներ նշելու:
Ավելի ուշ իրանական SNN հեռուստաալիքն էլ աղբյուրներին հղում կատարելով հայտնել է, որ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նոր իշխանություններին ենթարկա զորամիավորումների եւ Իսրայելի զինվորականների միջեւ՝ արաբական հանրապետության հարավում գտնվող Դերաա նահանգում: