Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով:
Միրզոյանի ուղերձում մասնավորապես նշվում է, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել եւ ընդլայնվել են՝ հիմնվելով ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
«Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարեւոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա եւ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է ՀՀ ԱԳ նախարարի ուղերձում։
Դրանում նաեւ նշվում է, որ կողմերը որպես ուղենիշ ունեն քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը։ Կողմերը նաեւ նպատակ ունեն շարունակելու եւ ընդլայնելու բովանդակալից եւ երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։
Լավրովն էլ իր ուղերձում նշել է, որ Մոսկվայի ու Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ հիմք է դրվել հայ-ռուսական երկկողմ կապերի ժամանակակից փուլին:
«Հիմնվելով ընդհանուր հոգեւոր եւ բարոյական արժեքների, միջոլորտային եւ հումանիտար շփումների ավանդական հզորության վրա՝ Ռուսաստանը եւ Հայաստանը ստեղծել են ամուր պայմանագրային եւ իրավական հիմքեր, կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ»,- ասվում է ՌԴ ԱԳ նախարարի ուղերձում։
Լավրովը նաեւ նշել է, որ «չնայած արտաքինից ռուս-հայկական դաշինքը խարխլելու փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության եւ արտաքին քաղաքական համակարգման բարձր մակարդակ, ընդլայնել առեւտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ ուղղությամբ, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն տարածքի ձեւաչափով»:
Հաջորդիվ Ռուսաստանի արտգործնախարարը Մոսկվայի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքի բարելավումը՝ հաշվի առնելով երկրների քաղաքացիների բարօրության, Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման շահերը: