Հայաստանը չի կարող համատեղել ԵՄ-ին, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, քանի որ երկու աթոռի վրա նստել չի ստացվի: Այդ մասին Երեւանում «Հակամարտություն Արեւելք — Արեւմուտք. Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:
«Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ մենք չենք պատրաստվում միջամտելու պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին: […] Սակայն ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին մասնակցությունը ԵՄ-ին մասնակցության հետ համատեղելը հազիվ թե հաջողվի: […] Երկու աթոռի վրա նստելը հազիվ թե ստացվի»,- ընդգծել է դիվանագետը եւ հավելել, որ ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ՀԱՊԿ-ի շրջանակում:
Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նշել, որ դա չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկ, քանի որ այդ հարցը պահանջում է հանրաքվեի անցկացում: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ պարզաբանել էր, որ օրինագիծը եղել է հասարակական նախաձեռնություն, որը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ:
Արձագանքելով Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի քննարկումներին՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ այն Ռուսաստանը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու սկիզբ: Նրա խոսքերով՝ ԵՄ-ին անդամակցելը անհամատեղելի է երկրի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության հետ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը պնդել էր, որ Երեւանը չի պատրաստվում դուրս գալու ԵԱՏՄ-ից: Նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է պահպանի, զարգացնի եւ բարձրացնի միության հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաեւ ընդլայնել հարաբերությունները այլ կառույցների հետ:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց որոշ շրջաններ։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։