Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:
«Երկուստեք կարեւորվել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստը: Այս առումով վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գրոնոն կարեւորել է համաձայնագրի ստորագրումը եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության ապահովմանը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ԵՄ օժանդակությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերի:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրոնոն հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները, մտքեր փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին: