Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի մեջլիսը, միջազգային հանրությանը կոչ է անում «ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները տալու համար»։
Սա այսօր Բաքվից հնչող նման երկրորդ հայտարարությունն է։ Ավելի վաղ էլ արտգործնախարարությունն էր X-ի էջում նման հայտարարություն տարածել՝ միջազգային հանրությանը կոչ անելով աջակցել Ադրբեջանին եւ պատասխանատվության ենթարկել Հայաստանին «ականային սպառնալիքներ ստեղծելու համար»։
«Հայաստանը աղտոտել է Ադրբեջանի տարածքի ավելի քան 13%-ը 1,5 միլիոն ականներով եւ բազմաթիվ չպայթած զինամթերքով։ Այս խնդիրը լուրջ սպառնալիք է խաղաղ բնակչության համար, զգալի խոչընդոտ է սոցիալ-տնտեսական զարգացման, ազատագրված տարածքների վերականգնման եւ հարկադիր տեղահանվածների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի համար»,- ասվում է ադրբեջանական խորհրդարանի հայտարարության տեքստում։
Ավելի վաղ էլ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն էր հայտարարել, թե հայկական կողմի տրամադրած վերջին քարտեզները ճիշտ էին ընդամենը 25%-ով։
«Միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրեց որոշ քարտեզներ, բայց դրանք ընդամենը 25 տոկոսով էին ճշգրիտ: Վերջին դեպքերի [ականների պայթյունների] ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ասել էր Հաջիզադեն։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում Բաքուն վերադարձրեց 32 հայ գերիների։ 2024 թվականի հունվարի 26-ին էլ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց 8 տեղեկամատյան։