Թուրքիան հետաքրքրված չէ տարածաշրջանում անկայունության նոր աղբյուրով եւ չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա: Այդ մասին Reuters գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
«Մեր տարածաշրջանը չի կարող թույլ տալ եւս մեկ պատերազմ, եւս մեկ խոշոր անկայունության աղբյուր: Եվ մենք չգիտենք, թե ինչ սրացում կարող է լինել նման հարձակման դեպքում: Հետեւաբար մենք չենք ցանկանում, որ [ԱՄՆ-ը] հարձակվի Իրանի վրա: Մեզ պետք է, ինչպես նախկինում, տեսնել խաղաղ բանակցություններ, որոնք կվարեն երկու կողմերն ու շահագրգիռ կողմերը»,- գործակալությունը մեջբերում է Ֆիդանի խոսքերը:
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Թեհրանը հրաժարվել էր Վաշինգտոնի հետ ուղղակի երկխոսությունից՝ չբացառելով, սակայն, միջնորդավորված բանակցությունների հնարավորությունը։
Մարտի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան: Նա Իսլամական Հանրապետությանը նաեւ սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե գործարքից ամբողջությամբ հրաժարվեն: Ի պատասխան՝ Խամենեին նշել էր, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել էր Վաշինգտոնին՝ Իրանում անկարգություններ հրահրելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական հակահարվածի: