Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից հինգ շաբաթ բուժվելուց հետո hաշմանդամի սայլակով եւ շնչառական խողովակով առաջին անգամ դուրս է եկել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ։ Vatican News-ի հաղորդմամբ՝ տառապյալներին ու հիվանդներին նվիրված պատարագից հետո նա ողջունել է ժողովրդին։
«Ողջունում եմ ձեզ։ Բոլորին հաճելի կիրակի, մեծ շնորհակալություն»,- ասել է նա՝ ձեռքով ողջունելով հավաքված ժողովրդին:
88-ամյա Հռոմի պապին հիվանդանոցից դուրս են գրել մարտի 23-ին, եւ նա առաջին անգամ հանրության առջեւ էր հայտնվել՝ օրհնելու հավաքված հավատացյալներին:
Բժիշկները պնդում էին, որ լիարժեք ապաքինման համար Հռոմի պապին անհրաժեշտ է առնվազն երկու ամիս հանգիստ: Վատիկանը ուրբաթ հայտարարել էր, որ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը բարելավվում է, եւ նա «լավ տրամադրություն ունի»:
Պապին ընդունել են Հռոմի «Ագոստինո Ջեմելլի» հիվանդանոց փետրվարի 14-ին՝ շնչառական խնդիրների ի հայտ գալուց հետո: Սկզբում նրան բուժել են բրոնխիտից, իսկ հետո ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ:
Նրա բժիշկներից մեկը այդ ընթացքում հայտարարել էր, որ բուժման ընթացքում Պապի կյանքին երկու անգամ վտանգ է սպառնացել, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել:
Ուրբաթ օրվա տվյալներով՝ Պապի վիճակը որոշակիորեն բարելավվել է, հայտնել են Վատիկանից: Արյան անալիզները նույնպես ցույց են տվել վիճակի փոքր բարելավում:
Պապին այժմ քիչ քանակությամբ թթվածին է անհրաժեշտ, սակայն նա շարունակում է այն ստանալ ամբողջ օրվա ընթացքում:
Ֆրանցիսկոսը կյանքի ընթացքում տառապել է առողջության մի շարք խնդիրներից: Մասնավորապես, 21 տարեկանում հեռացրել են նրա թոքերից մեկը, ինչը նրան ավելի ընկալունակ է դարձրել վարակների նկատմամբ:
Արգենտինայում ծնված Ֆրանցիսկոսը սուրբ աթոռը զբաղեցնում է արդեն 12 տարի: Պատմության մեջ պապերի մեծ մասը կառավարել է ցմահ՝ շարունակելով պարտականությունը կատարել նույնիսկ մինչեւ խոր ծերություն: