Հայաստանի արտգործնախարարությունը մասամբ ապատեղեկատվություն, մասամբ մոլորեցնող հայտարարություն է տարածել, մասնավորապես, թե իբր՝ «երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից»։
Ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեղադրում է Ստեփանակերտի իշխանություններին բանակցությունները տապալելու համար:
44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո, սկսած Իլհամ Ալիեւի Շուշի առաջին այցից՝ 2021 թվականի հունվարից, Արցախի իշխանությունները, հիմնականում ռուս խաղաղապահ առաքելության մասնակցությամբ, բանակցությունների եւ շփումների մեջ են եղել Բաքվի ներկայացուցիչների հետ:
Եթե ժամանակագրորեն հետ գնանք, կտեսնենք, որ նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար (2020 թվականի դեկտեմբեր — 2023 թվականի հունվար) Վիտալի Բալասանյանը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ադրբեջանական կողմի հետ: Միշտ չէ, որ այդ հանդիպումների մասին տրվել են պաշտոնական տեղեկություններ, սակայն լրատվամիջոցները գրել են դրանց մասին, իսկ Արցախի նախագահի մասնակցությամբ Սարսանգի ջրամբարի մոտ մի թեյախմություն հայտնվել էր համացանցում:
Այդ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են տեխնիկական եւ մարդասիրական հարցեր: Առաջին անգամ քաղաքական հարց քննարկվել է 2023 թվականի սկզբին: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել եւ ժամանակ տվել Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու եւ Արցախից հեռանալու համար: Արայիկ Հարությունյանը կատարել է Բաքվի պահանջը եւ իր իսկ հրավերով Արցախ մեկնած Վարդանյանին հեռացրել պաշտոնից: Վարդանյանը, սակայն, չհեռացավ Արցախից եւ ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Հակարիի կամրջով փորձում էր անցնել Հայաստանի Հանրապետություն:
Ռուբեն Վարդանյանը պաշտոնից հեռացվեց, սակայն Բաքուն չգնաց համագործակցության ճանապարհով եւ սկսեց ներկայացնել նոր պահանջներ ու վերջնագրեր:
2023 թվականի փետրվարի 24-ին Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն ունեցավ ադրբեջանական կողմի հետ: Մեկ շաբաթ անց՝ մարտի 1-ին, ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, եւ նրանց միջնորդությամբ տեղի ունեցավ նոր հանդիպում ադրբեջանական կողմի հետ, որին Արցախից մասնակցեցին Սամվել Շահրամանյանը, Սերգեյ Մարտիրոսյանը եւ Գեղամ Ստեփանյանը:
Թվում էր, թե բանակցությունները կբերեին գրեթե երեք ամիս շարունակվող շրջափակման վերացմանն ու միջադեպերի նվազեցմանը, սակայն տեղի ունեցավ հակառակը: Ադրբեջանը բնապահպանական կեղծ արդարացումով շարունակեց փակ պահել ճանապարհը Շուշիի մոտ, իսկ մի քանի օր անց փակեց նաեւ շրջանցիկ ճանապարհը: Մարտի 5-ին այստեղ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվեց Արցախի ոստիկանության անձնագրային բաժանմունքի մեքենայի վրա, որի հետեւանքով հայերը տվեցին երեք զոհ:
Այսպիսով՝ փակվեց նաեւ շրջանցիկ ճանապարհը, եւ Արցախը հայտնվեց կատարյալ շրջափակման մեջ:
Հետագա շաբաթներին ադրբեջանական լրատվամիջոցները երկու անգամ տեղեկատվություն տարածեցին, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» հրավիրում է Բաքու՝ քննարկելու վերաինտեգրմանն առնչվող հարցեր: Ադրբեջանական կողմը, սակայն, նման հրավեր չուղարկեց Ստեփանակերտ ո՛չ ուղիղ եւ ո՛չ էլ ռուս խաղաղապահների միջոցով: Արցախի ներկայացուցիչները կգնայի՞ն Բաքու, թե՞ ոչ, այլ հարց է, բայց նման հրավեր չի ուղարկվել:
Ավելին՝ Արայիկ Հարությունյանը ռուս խաղաղապահների հրամանատարի միջոցով ադրբեջանական կողմին փոխանցել էր, որ պատրաստ են հանդիպելու Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում կամ շփման գծի որեւէ հատվածում: Բաքուն չի արձագանքել եւ առաջարկները թողել է անպատասխան:
2023 թվականի հունիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երեւանում արցախյան կողմին փոխանցում է պաշտոնական առաջարկ՝ Բուլղարիայի մայրաքաղաքում հունիսի 21-ին կազմակերպել հանդիպում Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:
Ամերիկացիները առաջարկում էին Սոֆիայի հանդիպման նախաձեռնության մասին չտեղեկացնել ռուսական կողմին, այն է՝ խիստ գաղտնի բանակցություններ: Նման առաջարկը ոչ միայն անտրամաբանական էր, այլեւ ռիսկային: Փաստացի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով Ռուսաստանին եւ ռուս խաղաղապահներին էր պատվիրակվել Արցախի եւ նրա հայ բնակչության անվտանգությունը: Նման պայմաններում Ռուսաստանից գաղտնի հանդիպում կազմակերպելու առաջարկը չէր կարող որեւէ օգուտ բերել:
Դեռ մի կողմ ենք թողնում՝ արդյո՞ք Ադրբեջանը համաձայնվելու էր այդպիսի հանդիպմանը: Բացի այդ՝ ինչպե՞ս էին հայ ներկայացուցիչները դուրս գալու: Կար երեք տարբերակ: Առաջին՝ հանդիպմանը մասնակցելու էին Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որը մնացել էր Երեւանում, եւ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիվանագետները, երկրորդ՝ Ադրբեջանը հայ բանագնացների համար բացելու էր Հակարիի կամուրջը, երրորդ՝ նրանք Սոֆիա էին մեկնելու Բաքվով: Չորրորդ տարբերակը՝ Ստեփանակերտի օդանավակայանից Սիսիան ուղղաթիռով մեկնելը բացառված էր, քանի որ ռուսները չպետք է տեղեկացված լինեին Սոֆիայի բանակցություններից, ինչպես պահանջում էին ամերիկացիները:
Արցախի ներկայացուցիչները Բոնոյին փոխանցում են, որ ամերիկյան առաջարկի մասին պետք է տեղեկացնել ռուսներին: Ռուսական կողմը Սոֆիայի հնարավոր հանդիպման հետ կապված ներկայացնում է բացասական տեսակետ:
Այսպիսով՝ ճիշտ է այն պնդումը, որ Սոֆիայում նախատեսված հանդիպմանը ռուսական կողմի հորդորով արցախյան կողմը չի ցանկանում ներգրավվել: Արցախի ներկայացուցիչները տրամաբանական էին համարում, որ Սոֆիայի հանդիպմանը մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր եռանախագահող պետությունների դիվանագետները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ: Ավելին՝ Ստեփանակերտը Սոֆիայի հնարավոր բանակցությունների, դրանց պարամետրերի, օրակարգի եւ մյուս մանրամասների մասին փոխանցել է եռանախագահող պետությունների ներկայացուցիչներին:
Պետք է նշել մի շատ կարեւոր հանգամանք. Ադրբեջանը ձախողում էր բոլոր երրորդ երկրների նախաձեռնությունները եւ նրանց մասնակցությունը որեւէ բանակցային ձեւաչափին, որպեսզի հիմնավորի, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է:
Կարո՞ղ էր, արդյոք, Արցախի ղեկավարությունը կամ որեւէ քաղաքական ուժ ստանձնել պատասխանատվություն եւ ուղիղ, առանց միջնորդների բանակցել Ադրբեջանի հետ ադրբեջանական օրակարգով ու պահանջներով: Այսօր՝ աղետից ու արհավիրքից տարիներ անց, եւ աչքի առաջ ունենալով մեր վիճակը, շատ ավելի հեշտ է դատողություններ անել: Ադրբեջանը ներկայացնում էր երեք հիմնական պահանջ, որի մասին բաց տեքստով խոսել է նաեւ Արայիկ Հարությունյանը 2023 թվականի հունիսի 29-ի Ազգային նիստի իր ելույթում.
ա) Լեռնային Ղարաբաղի՝ որպես կառավարման համակարգի լուծարում (ԼՂԻՄ-ը լուծարելու որոշում Խորհրդային Ադրբեջանն ընդունել է դեռեւս 1989 թվականի նոյեմբերի վերջին, որին ի պատասխան տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի հայտնի նիստը ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու մասին. այսօր Ադրբեջանը Հայաստանից պահանջում է, որ Անկախության հռչակագրից հանվի այդ հատվածի հիշատակումը),
բ) Պաշտպանության բանակի լուծարում եւ սպառազինության դուրսբերում Հայաստանի Հանրապետության տարածք,
գ) վերաինտեգրման գործընթաց:
Հուլիսին ամերիկյան կողմն առաջարկում է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հանդիպում Սլովակիայի մայրաքաղաքում օգոստոսի 1-ին: Ամերիկացիները ռուսներին առաջարկում են մասնակցել Բրատիսլավայի հանդիպմանը, սակայն Մոսկվան հրաժարվում է: Բայց գլխավոր խոչընդոտը կրկին Ադրբեջանն էր: Որպեսզի բանակցությունները տապալելու մեղքը բարդվի արցախյան կողմի վրա, ադրբեջանցիները Հակարիի անցակետում ձերբակալում են Վագիֆ Խաչատրյանին: Արցախյան կողմը, սակայն, չի հրաժարվում Բրատիսլավա մեկնելու մտքից: Ավելին՝ գնվում են օդանավի տոմսեր:
Մերժելով Սլովակիայում բանակցելու ամերիկյան նախաձեռնությունը՝ Բաքուն ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ հանդիպման վայր է առաջարկում Եվլախը: Ստեփանակերտը առաջարկում է հանդիպում կազմակերպել շփման գծի որեւէ հատվածում, ինչը, սակայն, մերժվում է:
Արցախը շրջափակման մեջ էր ավելի քան ինը ամիս, սպառվում էին պարենի վերջին պաշարները, ժողովուրդը սովի էր մատնվում: Ադրբեջանը զգում էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին: Մեծ հաշվով, Բաքվին հետաքրքիր չէր բանակցել մի իրավիճակում, երբ ամեն հաջորդ օր իր բանակցային դիրքերն ավելի էին ամրանում: Ակնհայտ էր, որ կա երկու տարբերակ. հայերը կա՛մ հեռանում են Արցախից, կա՛մ ընդունում Ադրբեջանի բոլոր պահանջներն ու վերջնագրերը:
Մի առանձին թեմա են Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփումները սեպտեմբերի 9-ից հետո, երբ Արայիկ Հարությունյանին փոխարինեց Սամվել Շահրամանյանը:
Արցախի նախկին իշխանությունները 1991-ից ի վեր բազմաթիվ սխալներ են թույլ տվել՝ հարվածի տակ դնելով թե՛ Հայաստանի եւ թե՛ իրենց իսկ կենսական շահերը: Սակայն արդար չէ, առավել եւս՝ ճշմարիտ չէ Հայաստանի օրվա իշխանությունների պնդումը, թե 2023 թվականի վերջին ամիսներին՝ հայրենազրկումից առաջ, Արցախի իշխանություններն են փակուղի տարել բանակցությունները, որի հետեւանքով եւ տեղի է ունեցել բռնի տեղահանությունը:
Գրեթե նույնն է ասել, թե այսօր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Հայաստանն է մերժում ստորագրել:
Վերջում պետք է ընդգծենք, որ օրերս Ազատության հրապարակում արցախահայերի կազմակերպած բազմամարդ հանրահավաքում Հայաստանի կառավարությանը ներկայացված պահանջների մի մասը արդար, ազնիվ եւ իրատեսական չէ: Մասնավորապես.
ա) Հայաստանն այսօր ունակ չէ ապահովելու «Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող, այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը». ավելին՝ սա շանտաժ է Հայաստանի պետության դեմ եւ անազնիվ վերաբերմունք տեղահանված արցախցիների հանդեպ,
բ) արդար չէ նաեւ այն պահանջը, թե իբր Հայաստանը ջանքեր չի գործադրում Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Ներողություն, իսկ ո՞ւմ ջանքերով են վերադարձվել Բաքվի բանտերում պահվող մեր տասնյակ մյուս գերիները:
Եվ վերջում, Բաքվի բանտերում պահվող հայերի հանգամանքը ինձ դեռեւս թույլ չի տալիս անդրադառնալ Արցախում բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ պատասխանատուների անպատասխանատու, անիրատես եւ ավերիչ գործողություններին:
Կգա նաեւ դրա ժամանակը:

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։