Իրանի ռմբակոծությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին Իսլամական Հանրապետության զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի բարձրաստիճան զինվորականը, որը ցանկացել է անանոն մնալ։
Ինչպես գրում է գործակալությունը, Իրանում մտահոգություններն աճում են՝ կապված տարածաշրջանի այսպես կոչված «դիմադրության առանցքի» դեմ ԱՄՆ-ի ակտիվ գործողությունների հետ։ Խոսքը վերաբերում է Վաշինգտոնի կողմից Իրանի պրոքսի ուժեր եւ դաշնակիցներ համարվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությանը եւ Եմենի «Անսար Ալլահ» կազմավորմանը, որի ներկայացուցիչները հաճախ նաեւ կոչվում են հութիներ։ Իրավիճակը բարդացել է նաեւ Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո, որը նախկինում համարվում էր Իսլամական Հանրապետության միակ դաշնակից պետությունը Մերձավոր Արեւելքում։
Թեհրանը նաեւ մտահոգված է, որ արաբական պետությունները կարող են աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Գործակալության տեղեկություններով՝ Իրանն արդեն ծանուցումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Կատարին, Բահրեյնին, ինչպես նաեւ Թուրքիային, որ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան ցանկացած գործողությանն օժանդակելը կդիտարկվի որպես ագրեսիայի ակտ եւ կհանգեցնի լուրջ հետեւանքների։
Մարտի վերջին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Թեհրանը հրաժարվի Վաշինգտոնի հետ համագործակցելուց, ապա կդիմի «նախկինում չտեսնված ռմբակոծությունների»։ Նման հայտարարությունները հնչել էին, երբ Իրանից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ Իսլամական Հանրապետությունը մերժում է ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ ուղղակի բանակցությունները։