Միացյալ Նահանգները Ռուսաստանին չի ընդգրկել նոր մաքսատուրքերի ենթակա երկրների ցանկում, քանի որ ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ է վարում Մոսկվայի հետ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քեւին Հասեթը ABC News-ի եթերում:
«Հաշվի առնելով, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ կարծում եմ, որ նախագահը որոշել է այս երկու հարցերը չխառնել: Դա չի նշանակում, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը լիովին տարբեր կլինի ցանկացած այլ երկրի նկատմամբ վերաբերմունքից»,- ասել է նա:
Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մաքսատուրքեր չեն սահմանվել, քանի որ ռուսական արտադրանքը չի մատակարարվում Միացյալ Նահանգներ: Նա հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ գործում են Միացյալ Նահանգների պատժամիջոցները:
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց երկրի առեւտրային գործընկերների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին: Մասնավորապես, Եվրամիության անդամ երկրներից ներմուծումը կհարկվի 20 տոկոս մաքսատուրքով: Մեծ Բրիտանիայի դեպքում մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս, իսկ մի շարք երկրների համար դրանք կհասնեն 40 եւ ավելի տոկոսների:
Չինաստանի ֆինանսների նախարարությունը ի պատասխան հայտարարել է, որ ամերիկյան բոլոր ապրանքների նկատմամբ 34 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել եւ որոշ հազվագյուտ մետաղների արտահանման համար սահմանափակումներ է մտցրել:
Եվրամիությունից էլ հայտարարել են, որ պատասխան միջոցներ են նախապատրաստում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերով՝ ԱՄՆ նախագահի որոշումը հարված կհասցնի բիզնեսին եւ սպառողներին ամբողջ աշխարհում:
Ապրիլի 4-ին CNN հեռուստաալիքը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնեց, որ Թրամփը Վիետնամի, Հնդկաստանի եւ Իսրայելի ներկայացուցիչների հետ քննարկել է առեւտրային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը, որոնք կարող են նվազեցնել արտահանման մաքսատուրքերը: Ակնկալվում է, որ երկուշաբթի Վաշինգտոն կժամանի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը նույնպես կքննարկի մաքսատուրքերի հարցը: