Իսրայելը թույլ չի տա, որ թուրքական զորքերը տեղակայվեն Գոլանի բարձունքների մոտ: Սիրիայում Թուրքիայի ներկայության հարցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկուշաբթի սպասվող հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Վաշինգտոնում, այս մասին հայտնում է Ynet պորտալը:
Նեթանյահուի կառավարության ներսում մտավախություն կա, որ Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում գտնվող ռազմակայանները անօդաչու թռչող սարքեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, ինչը կդժվարացնի սահմանների պաշտպանության գործողությունները եւ կարող է հանգեցնել ռազմական հակամարտության, նշված է հրապարակման մեջ:
Մինչ նախորդ տարվա վերջին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը Իսրայելի հետ սահմանակից շրջաններում տեղակայված էին ռուսական զորքերը, որոնց հետ, ինչպես պնդում է իսրայելական կողմը, կապեր էին հաստատվել: Սակայն տարածաշրջանում թուրքական զորքերի տեղակայման դեպքում Իսրայելը ստիպված կլինի մանրակրկիտորեն կշռադատել իր քաղաքացիների պաշտպանության համար ձեռնարկվող ցանկացած գործողություն եւ հաշվի առնել, թե արդյոք դրանք չեն հանգեցնի Թուրքիայի հետ ռազմական հակամարտության:
Իսրայելը նաեւ մտահոգված է Սիրիայից մինչեւ Գազայի հատված Թուրքիայի հովանու ներքո իսլամական սուննիական առանցքի ձեւավորման հեռանկարներով, որը կարող է փոխարինել Իրանի շիական ազդեցությանը:
Միեւնույն ժամանակ, Իսրայելը Թուրքիայի հետ պահպանում է դիվանագիտական կապի ուղիները, եւ երկխոսությունը շարունակվում է:
Իսրայելը նաեւ առաջարկում է Սիրիան ժամանակավորապես բաժանել ազդեցության գոտիների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ անցումային կառավարության մասնակցությամբ, մինչեւ իրավիճակի վերջնական կայունացումը:
Ակնկալվում է, որ վերջերս նշանակված Սիրիայի նախարարների կաբինետը կաշխատի հինգ տարի: Այդ ընթացքում կմշակվեն երկրի Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները եւ կանցկացվեն համընդհանուր ընտրություններ: