Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր տարածած հերթական հայտարարության մեջ միջազգային հանրությանը կոչ է անում «ճնշումներ գործադրել Հայաստանի վրա»՝ իրականացրած ականապատումների համար։
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել ականազերծման գործողությունների հրատապությունը, կանգնել Ադրբեջանի կողքին ականազերծման իր շարունակական ջանքերում, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ ականներով կանխամտածված եւ համատարած աղտոտման համար, որը շարունակում է վտանգել անմեղ մարդկանց կյանքը եւ խոչընդոտել հետպատերազմյան վերականգնման գործընթացը»,- ասվում է հայտարարության տեքստում, որը հրապարակվել է Ադբեջանի ԱԳ նախարարության X-ի էջում։
Դրանում նաեւ նշվում է, որ այսօր ականների պայթյունից 4 ադրբեջանցի է զոհվել, որոնց թվում կա նաեւ երեխա։
Հիշեցնենք՝ նման հայտարարություն Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածել էր նաեւ ապրիլի 4-ին՝ միջազգային հանրությանը կոչ անելով աջակցել Ադրբեջանին եւ պատասխանատվության ենթարկել Հայաստանին «ականային սպառնալիքներ ստեղծելու համար»։
Նույն օրը Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսն էլ տարածած հայտարարության տեքստում միջազգային հանրությունից պահանջում էր Երեւանի դեմ ճնշումները գործադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները ստանալու համար։
Ավելի վաղ էլ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն էր հայտարարել, թե հայկական կողմի տրամադրած վերջին քարտեզները ճիշտ էին ընդամենը 25%-ով։
«Միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրեց որոշ քարտեզներ, բայց դրանք ընդամենը 25 տոկոսով էին ճշգրիտ: Վերջին դեպքերի [ականների պայթյունների] ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ասել էր Հաջիզադեն։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում Բաքուն վերադարձրեց 32 հայ գերիների։ 2024 թվականի հունվարի 26-ին էլ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց 8 տեղեկամատյան։