Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար եւ պատրաստ է այն ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը։ Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Ես վաղը եւ մյուս օրը հանդիպելու եմ տարբեր գերատեսչությունների՝ արտաքին գործերի նախարարության, մշակույթի նախարարության, կառավարության ղեկավարների հետ […]։ Մենք պատրաստ ենք ամեն ինչին, ինչին պատրաստ է հայկական կողմը: Ահա, թերեւս, մեր պատասխանը: Ամեն ինչին, ինչին պատրաստ է հայկական երկիրը, մենք նույնպես պատրաստ ենք»,- նշել է Շվիդկոյը:
Նրա խոսքերով՝ խոսքը, մասնավորապես, վերաբերում է կինոարվեստի, թատերական, կատարողական արվեստի, գեղարվեստական կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման պատրաստակամությանը:
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ո՛չ միայն մշակույթին, եւ որ Մոսկվան բաց է համագործակցության համար։