Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անիմաստ են:
«Ուղղակի բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժ կիրառել […], եւ որը տարբեր պաշտոնյաների միջոցով արտահայտում է հակասական դիրքորոշումներ, իմաստ չունեն»,- Agence France-Presse-ը մեջբերում է արտաքին գործերի նախարարի հայտարարությունը:
Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայն էլ այսօր կայացած մամուլի աուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական հարձակմանը տալու համարժեք պատասխան։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում եւ կատարելագործում են ցանկացած սպառնալիքին դիմակայելու իրենց կարողությունները։ Մենք ամբողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման եւ ագրեսիայի։ Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքները կյանքի կոչվեն, անմիջապես կստանան համապարփակ պատասխան»,- հայտարարել է Բաղայը։
Նա նաեւ առանց անուններ նշելու զգուշացումներ է ուղղել հարեւան երկրներին՝ նշելով, որ ցանկացած սադրանք «կարժանանա Իրանի կոշտ արձագանքին»։
Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Թեհրանը հրաժարվել էր ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն չի բացառել միջնորդավորված բանակցությունների շարունակումը:
Մարտի 30-ին Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթվա ընթացքում լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան: Նա նաեւ սպառնացել է աննախադեպ ռմբակոծություններով, եթե Իսլամական Հանրապետությունը ամբողջությամբ հրաժարվի գործարքից: Ի պատասխան՝ Խամենեին նշել էր, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանում անկարգություններ հրահրելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական հակահարվածի: