Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, որը մյուս հայ ռազմագերիների հետ 2023 թվականից պահվում է Բաքվում, այսօր ցուցմունք է տվել դատական նիստի ընթացքում։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Azertac լրատվականը։
Ընդգծենք, որ Արցախի նախկին ղեկավարության դեմ դատական նիստերն ընթանում են առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների։
Azertac-ի հաղորդմամբ՝ Բաբայանը դատարանում հայտարարել է, որ ինքը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ինպես նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչները հեռանկարային չեն համարել Ադրբեջանի հետ ինտեգրացիան։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թե՛ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս են հայտարարել, որ տեղեկություններ կան հայ ռազմագերիների նկատմամբ արգելված մեթոդների, այդ թվում հոգեներգործուն միջոցների կիրառման մասին, որի նպատակը Արցախի նախկին ղեկավարությունից ցուցմունքներ կորզելն է։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարտի 3-ին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին եւ վերականգնել նրանց արդար դատավարության իրավունքը։