Միացյալ Նահանգները պետք է ապացուցի, որ իսկապես ցանկանում է արդարացիորեն եւ առանց իր պայմանները պարտադրելու բանակցել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Հիմա մեր հարաբերությունները շատ երկրների հետ ավելի լավն են, քան նախկինում, բայց ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցն այլ է։ […] Մենք հավատում ենք բանակցություններին, բայց ոչ նվաստացումներով ուղեկցվող բանակցություններին։ Մենք բանակցում ենք ամբողջ աշխարհի հետ, որեւէ մեկի հետ չենք վիճում, բայց նաեւ չենք բանակցում ամեն գնով եւ չենք նվաստացնում մեզ։ Մենք չենք ձգտում պատերազմների, անկարգությունների եւ միջուկային ռումբի: Ուրիշ ինչպե՞ս կարող ենք հանգստացնել ամբողջ աշխարհին: Մենք հավատարիմ ենք բանակցություններին, բայց նրանք [ԱՄՆ] նույնպես պետք է ապացուցեն, որ ցանկանում են դրանք»,- Իրանի նախագահի խոսքերը մեջբերում է իր աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծումն անհնար է։ «Սա միայն իմ խոսքը չէ, սա գերագույն առաջնորդի ֆեթվան է (կրոնական կարգադրությունն է)»,- ասել է Իրանի նախագահը:
Նշենք, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ֆեթվան հրապարակվել եւ ուժի մեջ է մտել 2003 թվականից, ըստ որի՝ միջուկային զենքի արտադրությունն արգելվում է, քանի որ դա հակասում է իսլամին։ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ Թեհրանը հավատարիմ է զանգվածային ոչնչացման զենքի մշակումից հրաժարվելու քաղաքականությանը:
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն չի բացառել միջոնրդավորված բանակցությունների հնարավորությունը։