ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկի մասին՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ։
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, եւ դրանք արդեն սկսվել են։ Դրանք տեղի կունենան շաբաթ օրը։ Մենք կունենանք մեծ հանդիպում եւ կտեսնենք, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում հանդիպումից հետո (մեջբերումը՝ Reuters-ից)։
Թրամփի խոսքերով՝ Իրանի հետ բանակցությունները «կանցկացվեն շատ բարձր մակարդակով», սակայն նա այլ մանրամասներ չի հայտնել։ «Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարք կնքելը նախընտրելի կլինի, քան ակնհայտ այլընտրանքը»,- հավելել է նա։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ «եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն», Իրանի համար «շատ վատ օր կգա»։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բանակցությունները կվարեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը՝ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայդիի միջնորդությամբ, գրում է Reuters-ը։
Թրամփի ելույթից հետո Արաղչին պարզաբանել է, որ «Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Օմանում կհանդիպեն շաբաթ օրը՝ բարձր մակարդակով անուղղակի բանակցություններ վարելու համար»։ Այն մասին, որ բանակցությունները տեղի են ունենալու Օմանի միջնորդությամբ, Reuters-ին հայտնել է նաեւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Գործակալության մեկ այլ իրանցի աղբյուր էլ կարծիք է հայտնել, որ համաձայնության հասնելու համար կա մոտ երկու ամիս, իսկ դրանից հետո Իսրայելը կարող է հարձակում սկսել, եթե Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները ձգձգվեն։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրաժարվել էր ուղղակի բանակցություններից, երբ ԱՄՆ-ը 2018 թվականին դուրս եկավ միջուկային գործարքից, սակայն, ինչպես The New York Times-ին պատմել են երեք իրանցի պաշտոնյաներ, Թրամփի ելույթից հետո Խամենեին փոխել է իր դիրքորոշումը եւ համաձայնել ուղղակի բանակցությունների տարբերակին։ Նրանց խոսքերով, եթե շաբաթ օրվա անուղղակի բանակցությունները լինեն «հարգալից եւ արդյունավետ», ապա ուղղակի բանակցություններ կարող են տեղի ունենալ։
Բանակցությունների առարկան պետք է դառնա Իրանի հետ մի շարք երկրների համաձայնագիրը (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր), որը հաստատվել էր դեռևս 2015 թվականին եւ նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի կրճատում։ 2018 թվականին Թրամփը, հիմնվելով Իրանի միջուկային ծրագրի զարգացման մասին հետախուզական տվյալների վրա, միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ը համաձայնագրից, եւ այդ ժամանակվանից Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցությունները դադարեցին։ Իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «ստիպված կլինի ինչ-որ բան անել», քանի որ «նա չի կարող ունենալ միջուկային զենք»։ Իր հերթին, Իրանը հայտարարել է, որ չի խախտել որևէ պարտավորություն եւ չի ձգտում միջուկային զենք ստեղծելու։
Մարտի 30-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններից, ինչի մասին նշվել է Ալի Խամենեիի՝ Թրամփին ուղղված պատասխան նամակում։
Axios-ի փոխանցմամբ՝ մարտի սկզբին Իրանի առաջնորդին ուղղված նամակում Թրամփը երկու ամիս ժամանակ էր տվել նոր միջուկային գործարք կնքելու համար, սակայն հստակ չէր նշվել, թե որ պահից է սկսվում այդ ժամկետի հաշվարկը։