Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում խոսել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցի մասին, որը վերաբերել է Ռուսաստանի Կուրսկի եւ Բելգորոդի մարզերում ուկրաինական զորքերի գործողություններին:
«Մենք շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել սահմանամերձ շրջաններում՝ թշնամու տարածքում: Եվ դա բացարձակ արդարացի է: Պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից սկսվել է: Հիմնական նպատակը, ինչպես եւ նախկինում, առավելագույնս մեր հողը պաշտպանելն է, մեր համայնքները՝ Սումի եւ Խարկովի մարզերում, ռուս օկուպանտներից պաշտպանելն է: Գլխավոր հրամանատարը զեկուցել է հենց սահմանի գծով եւ, այսպես կոչված, «մոխրագույն գոտում», ինչպես նաեւ անմիջապես թշնամու տարածքում մեր ստորաբաժանումների ակտիվության մասին: Կարեւոր է, որ Կուրսկի մարզում մեր մարտիկների ցուցաբերած խիզախության եւ կայունության շնորհիվ, ինչպես նաեւ այնտեղ իրականացվող ամբողջ գործողությունների ընթացքում, հնարավոր եղավ նվազեցնել ճնշումը ճակատի այլ ուղղություններում, մասնավորապես՝ Դոնեցկի մարզում: Չափազանց կարեւոր է ամբողջ ճակատով շարունակել ոչնչացնել ռուսական տեխնիկան, ամբողջ լոգիստիկան, որն օգտագործում է օկուպանտը»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Կիեւը պաշտոնապես չէր մեկնաբանել Բելգորոդի մարզում ուկրաինական զինվորականների գտնվելու մասին տեղեկությունները:
Ըստ ուկրաինական Deep State մշտադիտարկման նախագծի տվյալների՝ Բելգորոդի մարզում ուկրաինական զորքերը ամենայն հավանականությամբ վերահսկում են 13 քառակուսի կիլոմետր տարածք Դեմիդովկա բնակավայրի շրջանում: