ԵՄ-ն պլանավորում է 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մի շարք կատեգորիաների վրա, գրում է Bloomberg-ը:
Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված փաստաթղթերում, որոնց ծանոթացել են պարբերականի լրագրողները, թվարկված են մի քանի տասնյակ ապրանքներ, որոնց մաքսատուրքերը առաջարկվում է բարձրացնել:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր Ամերիկայից ներկրվող միսը, հացահատիկը, գինիները, փայտանյութը, հագուստը, մաստակը, զուգարանի թուղթը եւ որոշ այլ ապրանքներ բարձր մաքսատուրքերով հարկելու Եվրամիության ծրագրերի մասին:
Մաքսատուրքերի բարձրացման ծրագիրը ԵՄ անդամ երկրները պետք է հաստատեն առաջիկա մի քանի օրերին:
Ըստ Bloomberg-ի՝ որոշ ապրանքների համար 25-տոկոսանոց մաքսատուրքերը կսկսեն գործել ապրիլի 15-ից (այդ ամսաթիվն ավելի վաղ նշել էր առեւտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը), սակայն հիմնական պատասխան միջոցները ուժի մեջ կմտնեն մայիսի կեսերին:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մաքսատուրքեր է սահմանել այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար սահմանել է 20 տոկոս մաքսատուրք։ Բացի այդ՝ Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա։
Բրյուսելից ընդգծում են, որ պատրաստ են բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի վերաբերյալ: Այսպես՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է փոխադարձաբար վերացնել արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը, սակայն «այդ առաջարկին համարժեք պատասխան չի ստացվել»: Այդուհանդերձ, ապրիլի 7-ին առեւտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտարարել էր, որ ԵՄ-ն «անվերջ չի սպասելու»: