Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Աբու Դաբիում Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանի հետ հանդիպմանը կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից եւ խոսել ականների խնդրից։
«Ջեյհուն Բայրամովը հակառակ կողմին հանգամանորեն տեղեկացրել է տարածաշրջանում կատարվող վերականգնողական աշխատանքների եւ հետպատերազմյան շրջանում խաղաղության օրակարգի մասին, խոսել առկա մարտահրավերների, այդ թվում՝ ականային սպառնալիքի, ինչպես նաեւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք օրենսդրական ակտերի մեջ»,- ասվում է հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։
Նաեւ նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը կարեւորել է ականազերծման ջանքերում ԱՄԷ-ի աջակցությունը։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայկական կողմը ընդգծել է, որ պատրաստ է խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ, մինչդեռ Բաքվից ադեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայնագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։ Սրանց գումարվում են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեղադրանքները, իսկ վերջին օրերին էլ ականներին առնչվող հարցերը։