2024 թվականին մահապատժի է ենթարկվել ավելի քան 1500 մարդ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2015 թվականից ի վեր: Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
«2024 թվականին գրանցվել է 1518 մահապատիժ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2015 թվականից ի վեր (երբ մահապատժի ենթարկվեց առնվազն 1634 մարդ), որոնց մեծամասնությունն իրականացվել է Մերձավոր Արեւելքում»,- ասվում է իրավապաշտպան կառույցի զեկույցում։
Իրավապաշտպանները նշում են, որ իրենց տվյալները չեն ներառում «հազարավոր այն մարդկանց, որոնք, ենթադրաբար, մահապատժի են ենթարկվել Չինաստանում»: Բացի այդ՝ կառույցը տվյալներ չունի նաեւ Հյուսիսային Կորեայում, Վիետնամում եւ Աֆղանստանում իրականացված մահապատիժների քանակի վերաբերյալ, քանի որ այդ երկրները ուղղակի նման տեղեկություններ չեն հրապարակում։ Ռազմական հակամարտության պատճառով տեղեկություններ չկա նաեւ Սիրիայում եւ Պաղեստինում իրականացված մահապատիժների մասին:
2024 թվականին մահապատիժների մեծ մասն իրականացվել է Իրանում (972), Իրաքում (63) եւ Սաուդյան Արաբիայում (345): Այս երեք երկրները կատարել են 1380 գրանցված մահապատիժ: Երեք երկրներում էլ նախորդ տարվա համեմատ մահապատիժների թիվն աճել է:
2024 թվականին կատարված մահապատիժների ավելի քան 40%-ը իրականացվել է թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար:
«Թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար մահապատիժները լայնորեն կիրառվել են Չինաստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Սինգապուրում եւ, թեեւ դա հաստատել չի հաջողվել, հավանաբար նաեւ Վիետնամում: Ինչպես պարզվել է, թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար մահվան անհամաչափ դատավճիռները հաճախ են իրականացվում սոցիալապես անապահով խավերի մարդկանց նկատմամբ, մինչդեռ չկան հավաստի տվյալներ, որ դրանք որեւէ կերպ նպաստում են թմրանյութերի առեւտրի կրճատմանը»,- նշել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:
Կալամարը նշել է նաեւ, որ Իրանում եւ Սաուդյան Արաբիայում մահապատիժը կիրառվում է «խոսելու համարձակություն ունեցողներին լռեցնելու համար»: