ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը առաջարկել է գնել 350 մլրդ դոլարի էներգառեսուրսներ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը կրճատելու դիմաց:
«Եվրոպական միությունը մեզ հետ շատ վատ է վարվել: Նրանք ստիպված կլինեն էներգիա գնել մեզնից, քանի որ դրա կարիքն ունեն, եւ ստիպված կլինեն այն գնել հենց մեզնից: Նրանք կարող են գնել այն, եւ այդ դեպքում մենք կկարողանանք ընդամենը մեկ շաբաթում 350 միլիարդով կրճատել դեֆիցիտը», — ասել է Թրամփը Սպիտակ տանը (մեջբերումը՝ Reuters-ի):
Թրամփի հայտարարությունը պատասխան էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ նախօրեին հնչեցրած այն հայտարարությանը, որտեղ նա ԱՄՆ-ին առաջարկել էր փոխադարձաբար զրոյացնել ավտոմեքենաների եւ արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը: Միեւնույն ժամանակ լրագրողները Թրամփից փորձել են ճշտել, թե արդյոք նա այդ առաջարկը բավարար է համարում ամերիկյան մաքսատուրքերը թուլացնելու համար, որին ի պատասխան ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ո՛չ, բավարար չէ»:
Ինչպես նշում է Politico-ն, մաքսատուրքերի սահմանումը կանխելու համար ԱՄՆ-ից էներգակիրներ գնելու գաղափարը նոր չէ: Թրամփի վերընտրվելուց գրեթե անմիջապես հետո ֆոն դեր Լայենը առաջարկել էր սկսել բանակցություններ ավելի մեծ քանակությամբ ամերիկյան հեղուկ բնական գազ գնելու շուրջ, սակայն ԱՄՆ-ից հստակ պատասխաններ այդպես էլ չէին հետեւել գործարքը կյանքի կոչելու համար:
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց տարբեր երկրներից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին՝ այդ օրը անվանելով «Ամերիկայի ազատագրման օր»: Նրա խոսքերով՝ «տասնամյակներ շարունակ» ԱՄՆ-ը իջեցրել է առեւտրային խոչընդոտները այլ երկրների համար, մինչդեռ այդ երկրները «հսկայական սակագներ» են սահմանել ամերիկյան արտադրանքի վրա: ԱՄՆ նախագահը եվրոպական երկրներին նաեւ մեղադրել էր բավարար չափով ամերիկյան ապրանքներ չգնելու համար:
ԵՄ երկրների համար մաքսատուրքերի չափը եղել է 20%, իսկ ԱՄՆ ներմուծվող բոլոր ավտոմեքենաների համար՝ առանձին 25%: Ապրիլի 7-ին գերմանական Audi ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է ավտոմեքենաների արտահանումը ԱՄՆ՝ առեւտրային մաքսատուրքերի պատճառով: Իր հերթին, Եվրամիության իշխանությունները հայտարարեցին, որ ծրագրում են առաջիկայում հաստատել ամերիկյան մաքսատուրքերին պատասխան միջոցների ցանկը։ Միեւնույն ժամանակ ԵՄ-ից հայտարարեցին, որ պատրաստ են բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հետ, սակայն «անվերջ սպասել» չեն կարող: Ինչպես պարզել է Bloomberg-ը, Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված փաստաթղթերում խոսքը ԱՄՆ-ից մի շարք ապրանքների կատեգորիաների ներմուծման համար 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին է: