ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն ուսումնասիրում են Արեւելյան Եվրոպայից մինչեւ 10 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբեման հնարավորությունը: Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաներին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է այն ստորաբաժանումներին, որոնք 20 հազար հոգանոց խմբավորման մաս են կազմում եւը տեղակայվել էին նախկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ 2022 թվականին: Այդ տեղակայումները կատարվել էին Ուկրաինա ռուսական բանակի լայնածավալ ներխուժումից հետո, որի նպատակը եղել էր ՆԱՏՕ-ի անդամ Արեւելյան Եվրոպայի երկրների պաշտպանությունն ամրապնդելը:
Դուրսբերման ենթակա զորքերի թվաքանակի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, սակայն դրանք կարող են վերաբերել Ռումինիայում եւ Լեհաստանում տեղակայված զորքերի գրեթե կեսի դուրսբերմանը, նշում է NBC News-ը:
Պենտագոնի ներկայացուցիչը մեկնաբանության խնդրանքին չի պատասխանել: ԱՄՆ բանակը եւս չի մեկնաբանել տեղեկությունը: «Նախագահը մշտապես վերանայում է ուժերի տեղակայումը եւ առաջնահերթությունները՝ համոզվելու համար, որ Ամերիկան առաջին տեղում է»,- հայտարարել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդից:
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման մասին ներքին քննարկումները տեղի են ունենում այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնել Ուկրաինայում հարդադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկներին, գրում է NBC News-ը: Միաժամանակ, ինչպես նշված է հրապարակման մեջ, Թրամփի վարչակազմը ավելի վաղ հստակորեն հայտնել էր Եվրոպայում գտնվող դաշնակիցներին, որ ակնկալում է նրանցից ավելի մեծ պատասխանատվություն սեփական պաշտպանության համար: Սա թույլ կտար Միացյալ Նահանգներին կենտրոնացնել իր ռազմական ռեսուրսները այլ առաջնահերթությունների, այդ թվում եւ Չինաստինից բխող մարտահրավերներին դիմագրավելու վրա:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խոսել էր ԱՄՆ-ի համար իր հարավային սահմանի անվտանգությանը եւ Պեկինին ցուցաբերվող հակազդեցությանը ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին:
Ավելին՝ երկուշաբթի Թրամփն ու Հեգսեթը խոստացան առաջիկայում պաշտպանական ծախերի համար 1 մլրդ դոլար բյուջե առաջարկել Կոնգրեսի հաստատմանը, որը կարող է դառնալ ռեկորդային, գրում է Politico-ն։