Իսրայելը դեմ է Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմաբազաներ հիմնելուն եւ մտադիր է հակազդելու դրան։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ամփոփելով ԱՄՆ կատարած այցի արդյունքները։
«Թուրքիան ցանկանում է Սիրիայում ռազմակայաններ հիմնել, եւ դա վտանգավոր է Իսրայելի համար։ Մենք դեմ ենք դրան։ Մենք գործում ենք դրա դեմ»,- ասել է Նեթանյահուն, որի հայտարարությունները տարածել է նրա աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նա հավելել է, որ այդ հարցը քննարկել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ «Ես նախագահ Թրամփին ասացի. «Դու իմ ընկերն ես, դու [Թուրքիայի նախագահ Թայիփ] Էրդողանի ընկերն ես, եւ եթե մենք քո օգնության կարիքն ունենանք, մենք կդիմենք քեզ»,- նշել է Իսրայելի վարչապետը։
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, իսրայելական Ynet պորտալն էր աղբյորներին հղում կատարելով գրել, որ Նեթանյահուի կառավարության ներսում մտավախություն կա, որ Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում գտնվող ռազմակայանները անօդաչու թռչող սարքեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, ինչը կդժվարացնի սահմանների պաշտպանության գործողությունները եւ կարող է հանգեցնել ռազմական հակամարտության:
Պորտալը նաեւ գրել էր, որ Իսրայելը ցանկանում է Սիրիան ժամանակավորապես ազդեցության գոտիների բաժանել՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ անցումային կառավարության մասնակցությամբ, մինչեւ իրավիճակի վերջնական կայունացումը: