Իսրայելը եւ ԱՄՆ-ը համաձայն են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ամփոփելով Վաշինգտոն կատարած այցը։ Այդ պարագայում Թեհրանը կարող է կա՛մ կամավոր համաձայնել լուծարել իր միջուկային ծրագիրը արտաքին վերահսկողության ներքո՝ հետեւելով Լիբիայի օրինակին, կա՛մ պատրաստվել «ռազմական տարբերակի», ասել է Իսրայելի վարչապետը։
«Մենք համաձայն ենք. Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Դա կարող է լուծվել համաձայնագրի միջոցով, բայց միայն այն դեպքում, եթե այդ համաձայնությունը լինի լիբիական տարբերակով․ այսինքն՝ մտնում են, պայթեցնում են միջուկային օբյեկտները, ամբողջությամբ ապամոնտաժում են տեխնիկան՝ ամերիկյան վերահսկողության տակ եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այդ դեպքում դա լավ է։ Երկրորդ հավանականությունն էլ այն է, որ համաձայնություն չի լինի։ Այդ դեպքում Իրանը պարզապես ժամանակ կձգի, եւ միակ տարբերակը ռազմականը լուծումը կլինի։ Սա հասկանում են բոլորը»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքերով՝ այդ հարցը եղել է ապրիլի 7-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի թեմաներից մեկը։
Լիբիան 1970-ականներին ձգտում էր միջուկային զենք ձեռք բերելու: 1980-ականների սկզբին ԽՍՀՄ-ի աջակցությամբ երկրում կառուցվել էր 10 ՄՎտ հզորությամբ ռեակտորով միջուկային հետազոտությունների կենտրոնը։ 2003 թվականին՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ երկարատեւ բանակցություններից հետո, Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամար ալ-Կադդաֆին հայտարարեց, որ իր երկիրը կհրաժարվի միջուկային զենքի մշակումից, որից հետո Լոնդոնն ու Վաշինգտոնը կարգավորեցին հարաբերությունները Տրիպոլիի հետ։