ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանում է 104%-ի հասնող մաքսատուրքեր։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտի հայտարարությանը։
Լեւիտը հայտարարել էր, որ ապրիլի 9-ից Չինաստանից ներմուծումը կհարկվի լրացուցիչ 84% մաքսատուրքերով։ Այսպիսով՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար ընդհանուր մաքսատուրքը կլինի 104%։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Չինաստանի համար կբարձրացնեն մաքսատուրքերը, եթե այդ երկիրը մինչև երեքշաբթի՝ ապրիլի 8-ի կեսօր, չհանի ամերիկյան ապրանքների ներմուծման համար սահմանված 34% մաքսատուրքերը։ Պեկինը մինչեւ ԱՄՆ-ի սահմանած ժամկետը մաքսատուրքերի չեղարկման մասին չի հայտարարել։
Ամերիկյան բորսաների ինդեքսները, որոնք աճում էին առեւտրի սկզբում, Լեւիտի ելույթից հետո սկսել են նվազել։ Dow Jones արդյունաբերական ինդեքսի աճը, որը առեւտրի ընթացքում հասել էր 4%-ի, նվազել է մինչեւ 1%։ S&P 500 շուկայի ինդեքսը, որը առեւտրի առաջին րոպեներին աճել էր 3,4%-ով, Չինաստանի համար նոր սակագների մասին հայտարարությունից հետո գերազանցում էր նախորդ նստաշրջանի փակման ցուցանիշը միայն 0,6%-ով։ Բարձր տեխնոլոգիական Nasdaq-ը, որն առեւտրի սկզբում աճել էր 3,76%-ով, նվազել է մինչեւ 0,5%։