Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները գերեվարել են ռուսական բանակի կողմից կռվող Չինաստանի երկու քաղաքացու։
Նրա խոսքերով՝ դա տեղի է ունեցել Դոնեցկի մարզի տարածքում։ «Այդ գերիների փաստաթղթերը, բանկային քարտերը, անձնական տվյալները առկա են»,- գրել է նախագահը իր տելեգրամյան ալիքում։
Ինչպես պնդում է Զելենսկին, Կիեւը տեղեկություններ ունի, որ Չինաստանի քաղաքացիները կռվում են նաեւ Ռուսաստանի բանակի այլ ստորաբաժանումներում, եւ այժմ այդ տեղեկությունները ստուգվում են։ Նախագահը հանձնարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին «անհապաղ կապ հաստատել Պեկինի հետ եւ պարզել, թե ինչպես է Չինաստանը պատրաստվում արձագանքելու դրան»։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Մոսկվայի կողմից Չինաստանի «ուղղակի կամ անուղղակի» ներգրավումը վկայում է այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստվում է անելու ամեն ինչ՝ բացի պատերազմն ավարտելուց»։
«Նա փորձում է հասկանալ, թե ինչպես շարունակել պատերազմը։ Դրան անպայման արձագանք է պետք։ Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ աշխարհում բոլոր նրանց արձագանքը, ովքեր ցանկանում են, որ խաղաղություն լինի»,- հավելել է Զելենսկին։