Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է ստուգելու Բաքվին փոխանցված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Այդ մասին X-ի էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Ընդգծելով հումանիտար խնդիրների լուծման կարեւորությունը՝ Հայաստանը միակողմանիորեն 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին առանց նախապայմանների Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների 972 տեղեկամատյան։ Ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերի շուրջ համագործակցության սկզբունքներին, Հայաստանը հարցումների միջոցով կազմել եւ 2024 թվականի սկզբին Ադրբեջանին է փոխանցել ականապատ տարածքների նոր տեղեկամատյան։
Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը՝ չնայած բազմիցս հնչեցրած մեր այն հայտարարություններին, թե «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան»,- գրել է Բադալյանը։
❓Answered ⤵️ the media inquiry on official “Baku’s demands to provide #minefield maps”.
❗️Emphasizing the importance of addressing #humanitarian issues, on June 12, July 3, October 19, November 1 & November 29, 2021 #Armenia unilaterally provided #Azerbaijan with 972 registries… pic.twitter.com/2VEti09kCU
— Ani Badalyan, 🇦🇲 MFA Spokesperson (@ArmSpoxMFA) April 9, 2025
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունն ու խորհրդարանն էին հայտարարություն տարածել՝ միջազգային հանրությանը կոչ անելով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա ականապատ դաշտերի քարտեզները տալու համար։ Բաքուն նաեւ պնդում է, թե հայկական կողմի տրամադրած քարտեզների ճշգրտությունը ընդամենը 25% է:
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների ընթցքում Բաքուն վերադարձրեց 32 հայ գերիների։ 2024 թվականի հունվարի 26-ին էլ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց 8 տեղեկամատյան։