Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, եւ Հայաստանը տարածքային պահանջներից չի հրաժարվել, ռազմական առճակատման վտանգը մշտապես պահպանվելու է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ADA համալսարանում ընթացող միջազգային ֆորումի ժամանակ։
«Քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են նրանց Սահմանադրության մեջ, եւ չի ցուցաբերել անկեղծություն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- հայտարարել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ հետպատերազմյան իրավիճակի զարգացումները հիմնականում կախված են Հայաստանից։
«Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրեցինք անջատողականությանը եւ վերահսկողության տակ առանք մեր սահմանները։ Մեզ համար այս հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքներն ու հնարավոր վտանգները»,- ասել է Ալիեւը։
Նրա գնահատմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո եւ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացրած ռազմական հարձակումից հետո Ադրբեջանի ռազմականացման հնարավորությունների կրկնապատկման գործընթացը «ամբողջովին հասկանալի է»։
«Հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ռազմականացման լուրջ գործընթաց է ընթանում։ Իրենց նոր դաշնակիցների կողմից հայերին մատակարարվող մահաբեր զենքերը չեն նպաստում խաղաղությանն ու կայունությանը։ Դա ապագայում միայն կբերի պոտենցիալ լարվածության»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է, եւ որ մայր օրենքում որեւէ տարածքային հավակնություն չկա հարեւան երկրների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։
Երեւանը ընդգծել է, որ նույնը վերաբերում է նաեւ բանակի սպառազինության համալրմանը, քանի որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան իրավունք ունի համալրելու իր պաշտպանական կարողությունը։