Ռուսաստանն ակնկալում է, որ մինչեւ 2025 թվականի մայիսը կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք գոհունակությամբ նշում ենք ռուս դիվանագետների առաջադեմ խմբի օգտակար ջանքերը՝ ուղղված գլխավոր հյուպատոսության համար պայմաններ ստեղծելուն։ Նրանց բազմակողմանի գործունեությունն այս մարզում [Սյունիքում] արժանանում է բնակչության բարենպաստ վերաբերմունքին։ Գլխավոր հյուպատոսության ստեղծման հարցերով առաջապահ խմբի աշխատանքը ընդհանուր առմամբ հանգամանորեն քննարկել են կողմերը, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները։ [․․․] Եվ մենք ակնկալում ենք, որ մինչեւ մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել մեր հյուպատոսական գրասենյակի բացման ժամկետների վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ Սյունիքում ռուսական ներկայության հետեւողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսության բացման հարցով Մոսկվան դիմել եւ ստացել է Երեւանի համաձայնությունը։
Արդեն նոյեմբերի սկզբին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունն էր հավանություն տվել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ արտգործնախարարության առաջարկին։
«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,- ասվում էր այդ փաստաթղթում, որը ստորագրել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Սա Հայաստանի տարածքում կարող է լինել Ռուսաստանի երկրորդ հյուպատոսությունը՝ Գյումրու հյուպատոսությունից հետո։