Քաղաքականությունը դաժան եւ անաստված միջավայր է, եւ եթե որոշում ես մտնել այնտեղ, պետք է պատրաստ լինես ընդունելու հարվածներ, դառնալու քննադատության թիրախ, հետապնդվելու, բանտ գնալու:
Քաղաքականությունը եկեղեցի չէ, ժամ ու պատարագ չէ, աղոթք չէ:
Ես առայժմ մի կողմ եմ թողնում պետություն-եկեղեցի սահմանադրական տարանջատումը, այն է՝ հոգեւորականները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, ինչպես քաղաքական գործիչը չի կարող հավակնել թեմակալ առաջնորդի դերին, կամ վարչապետն ու նախագահը չեն կարող դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոս:
Եթե ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, ապա հանում ես փիլոնը, մաս կազմում որեւէ կուսակցության, կամ ինքդ ես հիմնում քաղաքական ուժ, քշտում թեւքերդ:
Անձնապես ինձ համար շատ տհաճ էր տեսնել ու լսել, թե ինչպես են իշխանությունները թիրախավորում, քննադատում, ապա ծաղրում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ոչ միայն նրա համար, որ եկեղեցին ազգային արժեք է, իսկ Մայր Աթոռը՝ կարեւոր ինստիտուտ, այլեւ որովհետեւ Բագրատ սրբազանի հետ ունեմ մարդկային լավ, բարեկամական հարաբերություններ:
Սրա հետ մեկտեղ ընդունում էի, որ եկեղեցականի տեղը եկեղեցին է՝ խաչը ձեռքին, պատարագն է, աղոթքն է, նա հիվանդներին ու անհույսներին հույս տվողն է, անտառներում կորած մեր վանքերի ճանապարհը ցույց տվողն է:
Ավելին, երբ մտնում ես ներքաղաքական պայքարի մեջ, հավակնում վարչապետի աթոռին, ապա չպետք է տրտնջաս, որ քեզ քննադատում են, ավելին՝ իրավունք չունես հոգեւորականիդ անունը դարձնելու գլխարկ եւ պաշտպանության վահան:
Այդպես չի լինում ու չի կարող լինել:
Այս օրերին քննադատության թիրախում է մեկ այլ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Եթե նախկինում Միքայել սրբազանին թիրախավորում էին իշխանությունները, ապա այսօր դա անում է ընդդիմության մի հատվածը:
Աջապահյան սրբազանի գործունեությանը հետեւել եմ երկար տարիներ եւ միշտ նկատել եմ, որ բոլոր ժամանակներում՝ պատարագներից հետո եւ հրապարակային ելույթներում, նա քաղաքական տեքստ է ասել եւ հիմնականում քննադատել օրվա իշխանություններին:
Սրբազանը, որը խանդավառված էր 2018-ի Թավշա հեղափոխությամբ (ես չեմ ուզում այլ մանրամասներ ներկայացնել, որպեսզի սրբազանի դեմ ատելության ու թիրախավորման նոր արշավ չսկսվի), կարճ ժամանակ անց դարձավ գործող իշխանությունների ամենահետեւողական քննադատը:
Բայց այստեղ եւս մենք պետք է հասկանանք, որ դա է քաղաքականության գինը: Մտնում ես քաղաքականության մեջ, պատրա՛ստ եղիր ընդունելու հարվածներ եւ մի՛ տրնտջա ու հիշեցրո՛ւ, որ հոգեւորական ես ու սրբազան:
Նույնը վերաբերում է Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց Հայրապետին: Ես անձամբ դատապարտելի եմ համարում ատելության, թշնամանքի խոսքը, բայց երբ մտնում ես քաղաքական պայքարի մեջ եւ, ավելին, ակնհայտ կանգնում որեւէ քաղաքական ուժի կողքին ու թիկունքին, պետք է պատրաստ լինես քննադատությունների:
Եվ վերջում. երբ ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իշխող ուժին պիտակավորում է «հակաեկեղեցական», ինքը եւս պետք է զերծ մնա եկեղեցուն կամ նրա թեմակալ առաջնորդներին թիրախավորելու արատավոր գործելաոճից, ինչը այս օրերին տեսնում ենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանդեպ:

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։