Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ քայլեր ձեռնարկել երկրների միջեւ սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը հետեւում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի զարգացումներին։
«Մենք վերահաստատում ենք Երեւանին եւ Բաքվին ուղղված մեր կոչը՝ ուղղված զսպվածություն դրսեւորելուն, լարվածությունը թուլացնելու համար քայլեր ձեռնարկելուն եւ իրավիճակը վատթարացնող ցանկացած գործողությունից խուսափելուն»,- ասել է Զախարովան եւ հավելել, որ բոլոր առաջացած խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։
Բացի այդ՝ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան պատրաստ է Բաքվի եւ Երեւանի հետ եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կնքելուն, այդ հարցում պահպանվող խոչընդոտները հաղթահարելուն, հումանիտար խնդիրները լուծելու համար սահմանների սահմանազատմանը եւ կապուղիների ապաշրջափակմանը։
Հիշեցնենք, որ մարտի վերջին եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություններ էր տարածել իբր Հայաստանի ԶՈՒ-ի կողմից սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւմտյան հատվածներում հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս հայտարարությունները եւ հիշեցրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Սահմանին հրադադարի խախտման մասին վերջին հայտարարությունը Ադրբեջանը տարածել է այսօր, որը հայկական կողմը կրկին հերքել է։