Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման մասին՝ դրանք հասցնելով 84%-ի, հայտնում են BBC-ն եւ Bloomberg-ը:
Նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ից: Դրանք դարձել են Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին հերթական պատասխանը: Դեռեւս մարտին Թրամփը Չինաստանի համար սահմանել էր 20% մաքսատուրքեր:
Ապրիլի 2-ին՝ իր խոսքերով Ամերիկայի «ազատության օրը», Թրամփը չինական ապրանքների ներմուծման համար 34% մաքսատուրքեր սահմանեց: Պեկինը պատասխանեց նույն կերպ: Այնուհետեւ Թրամփը դրան ավելացրեց եւս 50%, ինչը ընդհանուր մաքսատուրքերի չափը հասցրեց 104%-ի: Այժմ Պեկինը կրկնել է այդ քայլը՝ նույնպես ավելացնելով 50%-ով եւ ընդհանուր մաքսատուրքերի չափը հասցնելով 84%-ի:
Չինաստանը նաեւ հայտարարել է, որ 12 ամերիկյան ընկերությունների նկատմամբ սահմանում է արտահանման վերահսկողություն եւ եւս վեց ամերիկյան ընկերությունների ավելացրել է իր «անվստահելի սուբյեկտների» ցանկում, որոնց արգելվում է բիզնես վարել Չինաստանում կամ չինական ընկերությունների հետ: