Ռուսաստանը փաստացի հարձակում է սկսել Ուկրաինայի Սումիի եւ Խարկովի մարզերի ուղղությամբ, որի մասին ավելի վաղ զգուշացրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին LB.ua պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
Ըստ Սիրսկու՝ վերջին օրերին ռուսական զորքերի հարձակողական գործողությունների թիվը հիմնական ուղղություններով գրեթե կրկնապատկվել է։
Սիրսկու խոսքերով՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր ռուսական խմբավորման թվաքանակը աճել է հինգ անգամ եւ ապրիլի սկզբի դրությամբ եղել է ավելի քան 620 հազար։
Գեներալը նաեւ ուշադրություն է հրավիրել Բելառուսում այս տարվա աշնանը նախատեսված զորավարժությունների մասին հայտարարությունների վրա՝ նշելով, որ 2022 թվականի սկզբին նման զորավարժությունները պատրվակ են դարձել Բելառուսի տարածքում հարվածային խմբավորում ստեղծելու համար, որը փետրվարին հարձակման է անցել Կիեւի ուղղությամբ։
Նա նաեւ «իրականությանը չհամապատասխանող» է որակել New York Times-ի հոդվածում ներկայացված այն պնդումները, որ 2023 թվականի ամռանը Բախմուտում հարձակման անցնելու իր գաղափարի պատճառով էր, որ փաստացի տապալվել էր Ուկրաինայի հարավում իրականացվող հակահարձակումը։ Սիրսկու խոսքերով՝ Բախմուտի հարձակմանը մասնակցել է ընդամենը երկու բրիգադ, այլ ոչ թե հինգ, ինչպես գրել էր թերթը։
Ուկրաինայի ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարը նաեւ մեծ հաջողություն է անվանել նախորդ տարվա օգոստոսի 6-ին Կուրսկի մարզում ուկարաինական բանակի իրականացրած գործողությունը։ Ըստ նրա՝ այն անակնկալ էր ռուսական հրամանատարության համար եւ նպաստեց նրան, որ ընդհանուր առմամբ հնարավոր եղավ պահպանել Դոնեցկի մարզում ձեւավորված ճակատը։
Սիրսկին նաեւ հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականների «հաջող գործողությունները» հանգեցրել են ռուսական հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչի կործանմանը։ Վերջինս օրեր առաջ վթարի էր ենթարկվել Իրկուտսկի մարզում՝ ճակատային գծից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր տեխնիկական անսարքության մասին։
Գեներալը նաեւ նշել է, որ վերջին ժամանակներում ԱՄՆ-ի կողմից աջակցությունը նվազել է, եւ զենքի հիմնական մատակարարումներն այժմ գալիս են Եվրոպական միության երկրներից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը ընդգծել է նաեւ, որ Ուկրաինան շատ բան անում է սեփական ուժերով եւ զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ըստ հետախուզության տվյալների՝ ռուսական զինված ուժերը մտադիր են հարձակում սկսելու Սումիի, Խարկովի եւ Զապորոժիեի մարզերում։ Վերջին շաբաթներին հաղորդվել է Սումիի մարզի սահմանամերձ շրջաններում մարտերի մասին։ Ուկրաինացի զինվորականները նաեւ շարունակում են պահպանել Կուրսկի մարզում գտնվող տարածքի փոքր հատվածները, թեեւ մարտին նրանք ստիպված էին եղել լքել Սուջա շրջկենտրոնը։ Զելենսկին նաեւ հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը ռուսական Բելգորոդի մարզում։ Ըստ մշտադիտարկման աղբյուրների հաղորդագրությունների՝ այնտեղ մարտական գործողություններն ընթանում են սահմանամերձ շրջաններում։