Չինաստանը հայտարարել է, որ իր զինվորականներին չի ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։
«Չինաստանի կառավարությունը իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ Ուկրաինայում զինված հակամարտության գոտուց, խուսափել որեւէ ձեւով ներգրավվելուց, մասնավորապես զերծ մնալ որեւէ կողմից ռազմական գործողություններին մասնակցելուց»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը ճեպազրույցի ժամանակ։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացու, որոնք կռվել են ռուսական բանակի կազմում։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում՝ Դոնեցկի մարզում։ Ըստ Զելենսկու՝ ռուսական զորքերի ստորաբաժանումներում Չինաստանի քաղաքացիների թիվը «շատ ավելին է, քան երկուսը»։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան սոցիալական ցանցերում գրել էր, որ «Չինաստանի քաղաքացիների մասնակցությունը ռուսական բանակի կազմում Ուկրաինա ներխուժման ժամանակ կասկածի տակ է դնում Չինաստանի՝ խաղաղության վերաբերյալ հայտարարված դիրքորոշումը եւ խաթարում է Պեկինի նկատմամբ վստահությունը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատու մշտական անդամի»։