Մամուլում եւ սոցիալական ցանցերում արցախցիների «դեմ թշնամանքի քարոզչությանը» վերջ տալու կոչեր են հնչում: Ոչ ոք, սակայն, ուշադրություն չի դարձնում այն իրողությանը, որ արցախցի տասնյակ, հարյուրավոր «բլոգերներ» դարձել են «հակաարցախյան թափառիկ սյուժեների» հեղինակներ: Մեկը գրում է «տաքսու վարորդի կողմից վիրավորվելու», երկրորդը՝ «երեխայի հանդեպ ուսուցչի անհարգալից վերաբերմունքի», երրորդը «հանրային տրանսպորտում բարբառով խոսելու համար հարձակման ենթարկվելու» եւ այլնի մասին:
Այդ գրառումները, բնականաբար, հակադարձվում են, մի մեկնաբանությունից ածանցվում է համարժեք պատասխան, հետո խառնվում է երրորդը, չորրորդը, եւ քիչ թե շատ տանելի բանավեճը կտրուկ վերածվում է լեզվակռվի, հայհոյախոսության, անեծքների… Որքանով են իրական «ինչո՞ւ չկռվեցիք» կամ «բոլոր ղարաբաղցիները ձրիակեր են» կարգի «նվաստացումների» մասին արցախցի բլոգերների տարածած պատմությունները՝ թող վկայեն տասնյակ հազարավոր բռնատեղահանվածները, որ երեխա են դպրոց ուղարկում, երթեւեկում են հանրային տրանսպորտով, դիմում են բժշկի, շփվում են ծառայություններ մատուցող հաստատությունների հետ:
Անձնական փորձով կարող եմ վկայել, որ ե՛ւ տաքսի մեքենայում, ե՛ւ հանրային տրանսպորտում ավելի հաճախ խոսում եմ բարբառով, երեք թոռներս դպրոց են հաճախում, անցյալ տարվա ապրիլից երեք-չորս անգամ բժշկական անհետաձգելի օգնության կարիք է ծագել, բայց ոչ մի անգամ նույնիսկ դիտողության չենք արժանացել, ոչ էլ երեխաներն են դպրոցից խոցված վերադարձել: Վարձով բնակվում ենք բազմաբնակարան շենքում: Մուտքի հարեւանների հետ, ինչպես ասում են՝ «գլխարկի ծանոթ ենք», հանդիպելիս բարեւում-անցնում ենք: Ո՛չ մենք ենք իրենց անհանգստացնում, ո՛չ իրենք՝ մեզ:
Տանտերն էլ ամեն ամսվա նշանակած օրը մի քանի րոպեով մտնում, պայմանավորված գումարը ստանում, գնում է իր գործին: Սա անտարբերությո՞ւն է, թե՞ հանդուրժողականություն՝ չգիտեմ, բայց հաստատ ատելություն չէ, արհամարհանք չէ, թշնամանք չէ: Ստեփանակերտում, ինչ խոսք, կյանքն ուրիշ էր, ինչ-որ տեղ՝ «համայնքային»: Այնքան, որ բազմաբնակարանային շենքն անվանվում էր «մեր թաղը»:
Բայց Երեւանը միլիոնանոց քաղաք է, որտեղ անգամ փոքր եւ մեծ կենտրոնի միջեւ վարքի, կենցաղավարության, փոխհարաբերությունների տարբերություն կա: Այստեղ «մեր թաղը» չես ասի: Չկա երեսուն-քառասուն տարվա վաղեմության «բակը», որտեղ տղամարդիկ նարդի կամ դոմինո էին «շրխկացնում», կանայք՝ նույն կրակի վրա «զակատի» բադրջան-բիբար-պոմիդոր խորովում, իսկ տատիկները «Մաուգլիի» ժամին թոռներին տուն էին կանչում՝ «մուլտիկ նայեն»: Հիմա նույն բնակարանում ապրող մարդիկ ժամերով «խորանում են» իրենց նոութբուկում, հեռախոսում, պլանշետում, իսկ երբ երեխաներին պիտի տուն կանչեն, զանգում են «ձեռքի հեռախոսին»: Այս «հանդուրժողականությունը» կապ ունի՞ արցախցիների «հանդեպ ատելության հետ»:
Կարծում եմ՝ այո՛, որովհետեւ համատարած համացանցամոլությունը պարտադրում է «թեմայի մեջ լինել». երեւանյան բակի կենցաղախոսությունը տեղափոխվել է սոցիալական մեդիա, որտեղ ոչ ոք մյուսից հետ մնալ չի ուզում, ձգտում է իր «հեղինակավոր խոսքն ասելու»: Եվ ստացվում է «հայաստանցի-ղարաբաղցի թշնամություն»: Իհարկե, այդ «կրակի վրա ձեռքեր տաքացնողների« պակաս չկա, ինչպես նաեւ՝ «կայծը բորբոքողների»: Բայց որքանով դիտարկվում է, դա «վիրտուալ պատերազմ» է, իրականության մեջ հենց Երեւանում հազարավոր բռնագաղթվածներն իրենց «գործը դրել» եւ հանգիստ-համերաշխ աշխատում են:
Շատերը, ընդ որում, այդ կապերը երեսուն տարում են հաստատել, փոխանցել իրենց զավակներին: Ի՞նչ է պետք: Երեւի թե՝ քաղաքական մորատորիում: Ամենադժվարը դա է, որովհետեւ խնդիրը հենց քաղաքական անհանդուրժողականության ծնունդ է: Բայց քայլ պիտի արվի: Եվ առաջինն իշխանությունը պիտի «քարը փեշից թափի»: Որովհետեւ եթե, չտա Աստված, «վիրտուալ պատերազմը» կենցաղային գեթ մեկ սուր դրսեւորում ստանա, վերջնականապես փլուզվելու է իշխանության վերջին ռեսուրսը:

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։