Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Բավարիայի Քրիստոնեա-սոցիալիստական միության (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) ներկայացրել են կոալիցիոն համաձայնագիրը, որը պատրաստվել է խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ անց, գրում է Der Spiegel-ը։
Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում ներկայացվել էր համաձայնագիրը, ներկա էին ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որը կգլխավորի ապագա կառավարական կոալիցիան, Բավարիայի վարչապետ եւ ՔՍՄ առաջնորդ Մարկուս Սյոդերը, ինչպես նաեւ ՍԴԿ-ի համանախագահներ Սասկյա Էսկեն եւ Լարս Կլինգբեյլը։
Համաձայնագիրը վերնագրված է «Պատասխանատվություն Գերմանիայի համար» («Verantwortung für Deutschland») եւ կազմում է 146 էջ՝ տիտղոասթերթով։ Ինչպես նշում է Der Spiegel-ը, կողմերը սկզբնական շրջանում ցանկանում էին պայմանավորվել միայն տնտեսական կոալիցիոն համաձայնագրի շուրջ «եւ ոչ թե կարգավորել ամեն մի մանրուք»։
«Մեզ սպասվում է ծանր աշխատանք»,- ասել է Մերցը՝ ներկայացնելով համաձայնագիրը։ Նա նաեւ նշել է, որ կոալիցիայի ձեւավորումը պետք է հստակ ազդանշան ուղարկի Գերմանիայի քաղաքացիներին եւ Եվրամիության գործընկերներին, որ Գերմանիան ունի «կառավարություն, որն ընդունակ է եւ կարող է գործել»։
Der Spiegel-ի հաղորդմամբ՝ ՍԴԿ-ն կոալիցիոն համաձայնագրի քվեարկությունը կսկսի ապրիլի 15-ի առավոտյան, որը կտեւի մինչեւ ապրիլի 29-ի երեկո։ Երբ ՍԴԿ-ի անդամները հաստատեն համաձայնագիրը, կսկսվի կանցլերի ընտրության եւ կառավարության ձեւավորման գործընթացը։
Պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը առաջին տեղն է զբաղեցրել փետրվարին կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում։ Երկրորդ տեղում էր «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը, իսկ երրորդ տեղում՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: